21 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան և ԵՄ-ը չափազանց հետաքրքրված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայունությամբ և նոր տնտեսական հնարավորություններով․ Մերց

Գերմանիան և ԵՄ-ը չափազանց հետաքրքրված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայունությամբ և նոր տնտեսական հնարավորություններով․ Մերց

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցումը նույնպես լայն տարածում է գտել. «Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջան։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և դրական արձագանք է ստացել։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում»։

Նրա խոսքով՝ Գերմանիան՝ որպես Եվրամիության առաջատար երկիր, ամրապնդում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Ադրբեջանա-գերմանական հարաբերությունները կնպաստեն ոչ միայն երկկողմ համագործակցության զարգացմանն, այլև՝ մեր տարածաշրջանում փոխգործակցության, խաղաղության և կայունության ամրապնդմանը», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը վստահություն է հայտնել, որ Գերմանիայի հետ այսօր ստորագրված փաստաթղթերը երկկողմ հարաբերությունները կբարձրացնեն նոր մակարդակի։

«Մենք վաղուց ենք ձգտել ռազմավարական երկխոսություն սկսել, և այսօր մենք հասել ենք այդ նպատակին», – նշել է Ալիևը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն, իր հերթին, շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։

Մերցի խոսքով՝ Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը։

«Խաղաղությունն, անվտանգությունը և կայունությունը անհրաժեշտ են Հարավային Կովկասի համար։ Գերմանիան և Եվրամիությունը չափազանց հետաքրքրված են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանի կայունությամբ», – նշել է Մերցը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրերը հնարավորություններ են բացում երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և տասնամյակներ շարունակվող հակամարտությունը հաղթահարելու համար։

«Տարածաշրջանում կայունությունը նաև նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար», – հավելել է Գերմանիայի կանցլերը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026