27 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն՝ ընդդեմ հայտնիների․ ԱՄՆ նախագահը զայրացրել է Քեթի Փերիին և վատաբանել Բրյուս Սփրինգսթինին

Թրամփն՝ ընդդեմ հայտնիների․ ԱՄՆ նախագահը զայրացրել է Քեթի Փերիին և վատաբանել Բրյուս Սփրինգսթինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը վերջին շրջանում քննադատության են ենթարկել կամ զայրացրել մի շարք հայտնիների․ գրում է Euronews-ը։

Թրամփը վերջերս կրկին թիրախավորել է իր մշտական քննադատներից մեկին՝ ռոք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինին։ Նախորդ ուրբաթ՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ, Թրամփն անհասկանալի պատճառով քննադատել է երաժշտի արտաքին տեսքը։

«Իսկ ի՞նչ է կատարվում Բրյուս Սփրինգսթինի հետ։ Ի՞նչ է պատահել այդ մարդուն։ Նա սարսափելի տեսք ունի։ Համոզված եմ՝ նրան էլ դուր չի գալիս իմ տեսքը, բայց ես այդքան էլ վատ տեսք չունեմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև նշել է, որ երգիչն իր 3-ժամյա համերգի ընթացքում «չորս քաղաքական ելույթ է ունեցել»:

Այնուհետև ԱՄՆ նախագահը զայրացրել է փոփ աստղ Քեթի Փերիին․ երգչուհին քննադատել է ԱՄՆ վարչակազմին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը TikTok-ի իր պաշտոնական էջում հրապարակած ռազմական հարվածների պատկերներով տեսանյութում որպես երաժշտական ուղեկցություն օգտագործել է իր «Firework» երգը։

Տեսանյութում պայթյունների կադրերի ֆոնին հնչում են երգի բառերը, իսկ տեսանյութին կից գրված է․ «Իրանը նախազգուշացվել է»։

X-ի գրառման մեջ Փերին նշել է, որ «խորապես վրդովված է»՝ հավելելով, որ ինքը դրա թույլտվությունը չի տվել և իրեն այդ հարցով չեն դիմել։ Նա նշել է, որ երգը գրել է «որպես հույսի և ապաքինման օրհներգ»՝ մարդկանց համար, որոնք անցնում են իրենց կյանքի ամենածանր և դժվարին փուլերով։ Երգչուհու խոսքով՝ տեսնել, թե ինչպես է ոգեշնչման մասին ուղերձն օգտագործվում որպես ավերածությունների և բռնության տեսարանների ֆոնային երաժշտություն, նշանակում է լիովին խեղաթյուրել այն ամենը, ինչի մասին նա խոսում է իր երգում։

«Իմ երաժշտությունը մարդկանց միավորելու համար է, ոչ թե պատերազմը փառաբանելու»,- գրել է Փերին։

Նշվում է, որ Սփրինգսթինի հասցեին Թրամփի քննադատություններն այդքան էլ անսպասելի չեն՝ հաշվի առնելով երաժշտի և ԱՄՆ նախագահի երկարատև հակասությունները, իսկ Սպիտակ տան կողմից երաժշտության օգտագործման թույլտվության կանոնների անտեսումը, ցավոք, սովորական երևույթ է դարձել, Թրամփի՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն լիովին տարակուսանքի մեջ է թողել հանրությանը։ Այս անգամ նրա թիրախը NBA-ի (Բասկետբոլի ազգային ասոցիացիա) աստղ Լեբրոն Ջեյմսն էր։ Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին՝ ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստը՝ Լեբրոն Ջե՞յմսը, թե՞ Մայքլ Ջորդանը, Թրամփը պատասխանել է․ «Մայքլ Ջորդանն իմ ընկերն է․ ես նրա հետ գոլֆ եմ խաղում։ Նա իսկապես լավ մարդ է: Կարծում եմ՝ Լեբրոնը… գուցե նա ռասիստ է, կամ գուցե պարզապես չի սիրում Թրամփին։ Չգիտեմ։ Ես սիրում եմ միայն այն մարդկանց, որոնք սիրում են ինձ, ուստի ես միանշանակ կընտրեի Մայքլ Ջորդանին»։

Թրամփի պատասխանի տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում, իսկ նրա տարօրինակ մեղադրանքն արժանացել է բուռն քննադատության։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026