
Իրանն AzTV հեռուստաալիքը ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցանկում․ Ադրբեջանի պատասխանը չի ուշացել
Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել Իրանի կողմից AzTV պետական հեռուստաալիքը «թշնամական լրատվամիջոցների» ցանկում ներառելու որոշումից հետո։
Գործակալությունը նշել է, որ Իրանի հետախուզության նախարարության կողմից մի քանի օտարերկրյա լրատվամիջոցներ, այդ թվում՝ AzTV-ն, «թշնամական լրատվամիջոցների» ցանկում ներառելու և դրանց հետ համագործակցողների համար քրեական պատասխանատվություն սահմանելու որոշումը տարակուսելի է։
Հայտարարության մեջ նշվում է, որ եթե մեկ այլ պետություն հատուկ սահմանափակումներ է մտցնում Ադրբեջանի լրատվամիջոցների գրանցամատյանում ընդգրկված լրագրողների նկատմամբ, նմանատիպ միջոցառումներ կարող են կիրառվել այդ պետության լրագրողների նկատմամբ Ադրբեջանում։
Հաշվի առնելով իրավական պահանջները և փոխադարձության սկզբունքը՝ գործակալությունն իրանական Səhər հեռուստաալիքի, Mehr լրատվական գործակալության և դրանց ներկայացուցիչների գործունեությունն Ադրբեջանում անօրինական է հայտարարել։ Գործակալությունը նշել է, որ այս լրատվամիջոցները երկրի ազգային շահերին հակասող գործունեություն են ծավալում և «տարածում են քարոզչություն նրա ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ»։
Գործակալությունը նաև կոչ է արել բոլոր ադրբեջանական լրատվամիջոցներին և լրագրողներին զերծ մնալ այս իրանական լրատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների հետ համագործակցությունից՝ ընդգծելով, որ միջազգային լրատվամիջոցների համագործակցությունը պետք է կառուցվի բացառապես փոխադարձ հարգանքի և լրագրողների մասնագիտական անկախության հիման վրա։


