
Դուք չեք կարող կաշառել նրանց, պետք է հաղթեք. Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների և պատերազմի սպառնալիքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ և հակամարտության շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Միևնույն ժամանակ՝ նա զգուշացրել է, որ ԱՄՆ հարվածները կվերսկսվեն, եթե բանակցություններն արդյունք չտան․ հայտնել է Reuters-ը։
«Դուք չեք կարող կաշառել նրանց։ Դուք պետք է հաղթեք նրանց, և մենք նրանց կհաղթենք սարսափելիորեն։ Բայց կտեսնենք, թե ինչպես կավարտվի։ Այժմ շատ բարեկամական բանակցություններ են ընթանում», – հայտարարել է Թրամփը։
Երկուշաբթի Իրանի կենտրոնական ռազմական հրամանատարությունը մեղադրել է ԱՄՆ-ին իր տարածքային ջրերում գտնվող նավերին և նավթատարներին սպառնալու և «անօրինական ծովային շրջափակում իրականացնելու փորձերի» համար, ինչն, ըստ նրա, «հակամարտության սրացում է տարածաշրջանում»։
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ խոցել է նավթային թիրախներին ուղղված անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Ռիադում։ Նշվել է, որ դրանք արձակվել են Իրաքից Իրանի աջակցությունն ունեցող զինված խմբավորումների կողմից, և իրեն իրավունք է վերապահում պատասխանել։
Եմենում էլ Իրանի դաշնակից հուսիները հայտարարել են, որ թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի գլխավոր նավահանգիստ Յանբու նավթ տեղափոխող խողովակաշարը՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից ԱԹՍ-ների արձակման։
Reuters/Ipsos-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ Թրամփի հավանության վարկանիշը բարձրացել է՝ հասնելով 37%-ի, ինչը երեք կետով ավելի է, քան նախորդ ամիս, երբ այն հավասար էր նրա նախագահության ամենացածր ցուցանիշին։
Այնուամենայնիվ, ամերիկացիներից միայն մեկ երրորդն է աջակցում Իրանի դեմ պատերազմին։ Ընդ որում՝ մեծ մասը կարծում է, որ Թրամփը չի կարողացել բացատրել իր նպատակները։


