29 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ էին ենթադրում Պուտինի հեռախոսազրույցները Փաշինյանի ու Ալիևի հետ․ ռուսական մամուլի ամփոփում

Ի՞նչ էին ենթադրում Պուտինի հեռախոսազրույցները Փաշինյանի ու Ալիևի հետ․ ռուսական մամուլի ամփոփում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցը ցույց տվեց, որ Մոսկվայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Ռուսաստանը չի ստեղծի բարենպաստ պայմաններ, եթե Հայաստանը շարունակի իր ուղին դեպի Եվրամիություն․ «Взгляд»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Քաղաքագետը նշել է, որ Փաշինյանը շփումներ է փնտրում Ռուսաստանի իշխանությունների հետ, քանի որ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները բարդ են Երևանի համար։ Սակայն ընտրություններից հետո Մոսկվա այց չի կայացել. դրա համար անհրաժեշտ է հրավեր, և պարզ չէ՝ Կրեմլը պատրա՞ստ է բարձր մակարդակի երկխոսության։

Հայաստանի վարչապետը հույս ուներ, որ Մոսկվայի գիծը կփոխվի խորհրդարանական ընտրություններից հետո, բայց դա տեղի չունեցավ։ Ավելին, քաղաքագետի խոսքով, ոչ ոք Հայաստանին իրական անդամակցություն չի առաջարկում Եվրամիությանը. դա ընդամենը հայտարարությունների հարց է, իսկ հանրաքվեն, եթե անցկացվի, պարզապես կողմնորոշման հայեցակարգային ընտրություն կլինի։

Լուկյանովը նաև նշել է, որ Բրյուսելի խոստացած օգնությունը կապված չէ հայ արտադրողների իրական խնդիրների հետ, և որ տնտեսական տեսանկյունից՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից Երևանն ավելի շատ է օգտվում, քան ԵՄ-ին անդամակցությունից։

«Новые Известия»-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումներն Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ կարևոր են Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասում գլխավոր արբիտրի դերը պահպանելու համար։

Քաղաքագետ Իլյա Ուխովը նշել է․ «Կարծում եմ՝ սա պատահականություն չէ։ Այս զրույցների ընթացքում, անշուշտ, քննարկվել են Հարավային Կովկասում կայունության հարցերը։ Ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն չեն կարող անտեսել իրենց ամենամոտ մեծ տերության դիրքորոշումը։ Այս զանգերով Պուտինը ցույց է տալիս, որ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր»։

Փորձագետի կարծիքով՝ ռուսական կողմը ձգտում էր ցույց տալ իր աշխարհաքաղաքական շահերի մշտականությունը Կովկասում, որտեղ գործում է 102-րդ ռուսական ռազմաբազան։ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող Ռուսլան Պանկրատովը NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, որ Կրեմլն օգտագործեց Փաշինյանի հետ հեռախոսազրույցը՝ քննարկելու Հայաստանի ռազմավարական վեկտորը։

«Սա դիվանագիտությանը բնորոշ տրամաբանություն է. տնտեսական լծակը՝ որպես գործընկերոջն ուղեծրում պահելու միջոց՝ առանց բաց հակամարտության վերածվելու», – նշել է փորձագետը։

Տնտեսագետ Ալեքսանդր Կարավաևը կարծում է, որ Փաշինյանն այժմ փորձում է, նախ, հարթել Մոսկվայի հետ հարաբերություններում առաջացած անհավասարակշռությունը, որն առաջացել է դեպի ԵՄ քաղաքական շրջադարձի ցուցադրման պատճառով, և միաժամանակ մշակել ապագայի համար համագործակցության ալգորիթմ։

«Փաշինյանը ձգտում է պահպանել «եվրոպական առանցքի» քաղաքական հռետորաբանությունը որպես ռազմավարական նպատակ։ Միևնույն ժամանակ՝ նա հասկանում է, որ առևտրի ներկա և միջնաժամկետ հեռանկարները գտնվում են ԵԱՏՄ զարգացման տարածքում», – բացատրել է Կարավաևը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026