29 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
BTS-ը բոյկոտում է «Գրեմմի»-ն․ աշխարհահռչակ խումբը հրաժարվել է մասնակցել 2027 թվականի մրցանակաբաշխությանը

BTS-ը բոյկոտում է «Գրեմմի»-ն․ աշխարհահռչակ խումբը հրաժարվել է մասնակցել 2027 թվականի մրցանակաբաշխությանը

Հարավկորեական աշխարհահռչակ BTS խումբը հայտարարել է, որ չի մասնակցի 2027 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը․ գրում է BBC-ն։

Որոշման մասին խմբի անդամները հայտնել են Instagram-ի իրենց անձնական էջերի սթորիներում՝ տարածելով նույնական հայտարարություն։

«Որոշել ենք այս տարի չմասնակցել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։ Հուսով ենք՝ երաժշտությունը կընկալվի և կսիրվի այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե կդասակարգվի կամ կբաժանվի ըստ տարածաշրջանի կամ լեզվի», – ասվում է հայտարարության մեջ։

BTS-ը նման որոշում կայացրել է մեկ ամիս անց այն բանից հետո, երբ «Գրեմմի»-ն 2027 թվականի մրցանակաբաշխության համար ստեղծեց «Ասիական փոփ լավագույն կատարում» անվանակարգը։

Խմբի վերադարձը (comeback) նշանավորող «ARIRANG» ալբոմը դարձել է տարվա ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկը․ այն գերիշխում է երաժշտական վարկանիշային աղյուսակներում (charts) և վաճառքի ռեկորդներ սահմանում։ Ըստ փորձագետների կանխատեսումների՝ BTS-ը կարող էր առաջադրվել «Գրեմմի»-ի մի շարք խոշոր անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում, իսկ ալբոմի գլխավոր սինգլը՝ ԱՄՆ-ում վարկանիշային աղյուսակները գլխավորող «Swim» երգը, համարվում էր «Տարվա երգ» անվանակարգի հավակնորդներից մեկը։

Սակայն երգերում անգլերեն բառերի գերակշռության պատճառով ալբոմը չի համապատասխանում «Ասիական փոփ լավագույն կատարում» նոր անվանակարգի պահանջներին։ «Գրեմմի»-ի կանոնների համաձայն՝ այս անվանակարգում ներկայացվող երգերում պետք է «զգալի չափով» օգտագործված լինի ասիական որևէ լեզու։ «ARIRANG» ալբոմի երգերի ավելի քան 80 տոկոսն անգլերեն է։

Նոր անվանակարգի ներդրումը համացանցում բուռն արձագանքների է արժանացել։ Բազմաթիվ երկրպագուներ դժգոհում են՝ նշելով, որ ասիացի արտիստներին գնահատելու փոխարեն «Գրեմմի»-ն առանձնացնում է նրանց՝ սահմանափակելով և նրանց երաժշտությունը նեղ կատեգորիայի շրջանակում դիտարկելով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026