
Ֆլորիդայում մեկ օրում երկու մահապատիժ է իրականացվել՝ առաջին անգամ 1964 թվականից ի վեր
Ֆլորիդա նահանգում մեկ օրում մահապատժի է ենթարկվել երկու դատապարտյալ՝ առաջին անգամ 1964 թվականից ի վեր․ հայտնում է USA Today-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ առաջինը մահապատժի է ենթարկվել 68-ամյա Ջեյմս Դաքեթը, որը դատապարտվել էր 1987 թվականին 11-ամյա աղջկա սպանության համար։ Հինգ ժամ անց մահապատժի է ենթարկվել նաև 80-ամյա Դոմինիկ Օկիկոնեն, որը մեղավոր էր ճանաչվել 1986 թվականին իր նախկին նշանածի ծնողների սպանության համար։
USA Today-ի տվյալներով՝ Օկիկոնեն դարձել է ԱՄՆ-ում երբևէ մահապատժի ենթարկված երկրորդ ամենատարեց դատապարտյալը, ինչպես նաև ամենատարեցը Ֆլորիդայի պատմության մեջ։ Պարբերականը նշում է, որ 2023 թվականին ԱՄՆ-ում մահապատժի դատապարտվածների միջին տարիքը կազմել է 54 տարի։
USA Today-ի վերլուծության համաձայն՝ 2025 թվականի հունվարից ԱՄՆ-ում ի կատար ածված 66 մահապատիժներից 31-ը կատարվել է հենց Ֆլորիդայում՝ ներառյալ Դաքեթի և Օկիկոնեի մահապատիժները։ Իսկ 2026 թվականի սկզբից երկրում իրականացված բոլոր մահապատիժների 63%-ը բաժին է ընկել Ֆլորիդային։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկել դաշնային մակարդակով մահապատժի կիրառումը վերականգնելու ուղղությամբ՝ վերագործարկելով մահացու ներարկման արձանագրությունը և ընդլայնելով մահապատժի իրականացման եղանակների ցանկը, այդ թվում՝ գնդակահարությունը։


