
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են առաջիկայում ՀԱՄԱՍ-ի զինաթափման մասին
ԱՄՆ իշխանությունները և նրանց նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները կարծում են, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող ոստիկանական ուժերը առաջիկա 2 շաբաթում կսկսեն զենքերը փոխանցել Գազայի ժամանակավոր իշխանությանը․ տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին:
ԱՄՆ պաշտոնյաները լավատեսորեն են տրամադրված Գազայի խաղաղության համաձայնագրի երկրորդ փուլի արագ իրականացման հեռանկարների նկատմամբ:
Սակայն, առայժմ քննարկվում է միայն ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող ոստիկանական ուժերի հարցը։ Դրա հիմնական ստորաբաժանումների զինաթափման, այդ թվում՝ ծանր զենքի փոխանցման ժամանակացույցն անորոշ է: ԱՄՆ պաշտոնյաների և «Խաղաղության խորհրդի» առանձին գնահատականների համաձայն՝ այս գործընթացը կարող է տևել 200-ից 350 օր:
Axios-ը հինգշաբթի հաղորդել էր, որ համաձայնագրով նախատեսվում է առաջիկա 7-8 ամսում մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի կողմից զենքի արտադրության համար օգտագործվող թունելներն ու օբյեկտները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդը» պայմանավորվել է ՀԱՄԱՍ-ի և Գազայի մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման մասին։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ այդ դեպքում իսրայելական ուժերը դուրս կգան Գազայից:


