Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարց պարզապես չկա, մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ ավելին՝ խոչընդոտում է և մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ցեղասպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը չի խոսում արցախահայության վերադարձի իրավունքինց, մինչ վարչախումբը պաշտոնապես հայտարարում է և գլխավորում թշնամական արշավը մեր ինքնության հենասյուն Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ արհեստական և ցեղասպան պետություն Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու գաղափարախոսությունը․ գրում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կազմակերպած բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։
Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտվողա- կապիտուլյացիոն դիվանագիտության և նրա օրակարգերում մեր ինքնության և իրավունքների պաշտպանության տոտալ բացակայության ֆոնին, ագրեսոր Ադրբեջանն անցել է հարձակվողական և ծավալապաշտական քաղաքականության՝ յուրացնելով մերը՝ հայկականը՝ տարածքներից մինչև քաղաքակրթական ժառանգություն։
Հայկական հետքի, հայկականության ջնջումն Ադրբեջանում պաշտոնական քաղաքականություն է՝ ուղղորդվող և կառավարվող հենց նախագահի կողմից։
Ադրբեջանն աշխատում է, նրանց դիվանագիտությունն ագրեսիվ է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում ինտենսիվորեն, Հայաստանի իշխանությունների կանաչ լույսի ներքո, Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանությունը, ներառյալ՝ հոգևոր- մշակութայինը։
Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ-պետությունը, ուր հալածվում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։
Պաշտոնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ադրբեջանաթուրքական իրական սպառնալիքը, մյուս կողմից՝ վախի ու իրավական վակխանալիայի մթնոլորտում ճզմվում է հանրության կամքը։
Այս ամենը գին ունի՝ վճարելու ենք բոլորս․ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը մտել է նաև մեր տարածքներ․․․․կույր պիտի լինել սա չտեսնելու համար»,- գրել է նա՝ հավելելով, որ լուսանկարները տրամադրել է Գագիկ Հակոբյանը։