
Բրոուդ Փիք լեռան վրա ձնահյուսից զոհվել է ռեկորդակիր լեռնագնաց Նիրմալ Պուրջան
Նեպալցի լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է Պակիստանում գտնվող Բրոուդ Փիք լեռան (8 051 մ) վրա տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով. հայտնել է Elite Exped ընկերությունը, որի համահիմնադիրներից էր Պուրջան։
«Այսօր խոր վշտով և սրտի մեծ ցավով հաստատում ենք, որ Նիրմալ «Նիմսդայ» Պուրջան ողբերգականորեն զոհվել է Բրոուդ Փիք լեռան վրա տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով։ Հաստատվել է նաև, որ այս արշավախմբի մյուս մասնակիցները, ցավոք, չեն փրկվել։ Այսօր մենք սգում ենք ոչ միայն Նիմսդայի, այլև այս ողբերգության հետևանքով զոհված յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ նրա վստահելի գործընկերների և ուղեկցողների՝ Պուր Բահադուր Գուրունգի (Յուկտա) և Նիմու Շերպայի մահը»,- նշվում է ընկերության Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ։
Հուլիսի 29-ին Նեպալից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Օմանից և Չինաստանից ժամանած 10 լեռնագնացներից բաղկացած խումբը սկսել էր վերելքը դեպի Բրոուդ Փիք։ Արշավախումբը ղեկավարում էր 43-ամյա Պուրջան։
Հուլիսի 30-ին, տեղական ժամանակով կեսօրին մոտ, լեռան վրա ձնահյուս է տեղի ունեցել, որից հետո խմբի հետ կապը կորել է։ GPS սենսորների տվյալներով՝ լեռնագնացներին ձնահյուսը մոտ մեկ կիլոմետր ներքև է շպրտել։
2019 թվականին Նիրմալ Պուրջան լեռնագնացության պատմության մեջ մտավ՝ ռեկորդային կարճ ժամանակում՝ 6 ամիս և 6 օրում, նվաճելով աշխարհի բոլոր 14 ութհազարանոցները։ Այդ ռեկորդը պահպանվեց մինչև 2023 թվականը։ Նա նաև առաջին լեռնագնացն էր, որը 48 ժամվա ընթացքում բարձրացել էր Էվերեստ, Լհոցզե և Մակալու գագաթները։ Պուրջան ծառայել է Մեծ Բրիտանիայի բանակի Գուրխաների բրիգադում, ինչպես նաև Թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ստորաբաժանումում։


