
Եթե ՀՀ-ում բռնաճնշումներ չկան, չկան քաղբանտարկյալներ, այդ դեպքում պրիմիտիվ ժեստի համար ինչի՞ եմ ես շուրջ 2 ամիս կալանավորվել․ Ռուբեն Մխիթարյան
Պարոն Ռուբեն Ռուբինյանը երեկ խոսում էր բռնաճնշումների մասին, որ բռնաճնշումներ չկան, բայց ես այդ մասով ելույթ եմ ունենում երկրորդ անգամ այս ամբիոնից, ու ինձ հետաքրքիր է․ եթե Հայաստանի Հանրապետությունում բռնաճնշումներ չկան, չկան քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պրիմիտիվ ժեստի համար ինչի՞ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել․ այսօր ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
«Վստահ եմ՝ բոլորդ էլ հիշում եք, կարիք չկա ժեստը հիշեցնելու։ Քննիչի կայացրած որոշումից հետո, երբ առաջին ատյանը կալանքի որոշում է տալիս, վերաքննիչ դատարանն ինձ ուղարկում է տուն՝ նշելով, որ հանցակազմ առկա չէ․․․Եթե սա քաղաքական չէր, ոչինչ չանելու համար մարդն ինչի՞ է իր ընտանիքից կտրվում շուրջ երկու ամիս և իր կալանքը կրում քրեակատարողական հիմնարկում։ Ինչևէ, չենք նեղվում, գնում ենք առաջ»,-ասաց նա՝ հիշատակելով նաև իր կուսակից Ալիկ Ալեքսանյանի մասին, որը կալանքի տակ է։
«Մեր առաջամարտիկ պայքարի ընկերներից Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Էլի խնդիր չկա, մենք մեր պայքարից չենք ընկրկում, մենք ունենք շատ ընկերներ, որոնք կալանավորված են»,- նշեց պատգամավորը։
Իսկ ելույթը եզրափակեց հետևյալ տողերով․ «Պարոն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ այո, դուք նշանակվելու եք, ընտրվելու եք Ազգային ժողովի նախագահ։ Բայց դուք չեք լինելու Ազգային ժողովի նախագահ, և ամենակարևորը՝ բարեկրթության մասով՝ ում հարգանք, նրան հարգանք, ում պատիվ, նրան պատիվ, շնորհակալություն»։


