
Ծրագրային ապահովման խոցելիությունից օգտվելով՝ հաքերները կոտրել են ավելի քան 4500 դրամապանակ և գողացել 86 միլիոն դոլար կրիպտոարժույթով
Հաքերներն օգտվել են Coldcard ապարատային կրիպտոարժութային դրամապանակների ծրագրային ապահովման խոցելիությունից։ Այն համարվում է թվային ակտիվները պահելու ամենաապահով միջոցներից մեկը: Անցյալ շաբաթվա վերջից շարունակվող հարձակման հետևանքով հաքերներին հաջողվել է գողանալ տասնյակ միլիոնավոր դոլարներ Bitcoin-ով․ հաղորդում է Bloomberg-ը։
Համակարգի թերության պատճառով հաքերները կարողացել են համակարգված կերպով հաշվարկել մուտքի բանալիները և դատարկել օգտատերերի դրամապանակները: Galaxy Research-ի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ վնասը գերազանցել է 86 միլիոն դոլարը։ Հաքերները կոտրել են ավելի քան 4500 դրամապանակ։
«Սա ցույց է տալիս, որ կրիպտոարժույթը չի կարող գոյություն ունենալ ինքնուրույն ռեժիմով: Սարքը պատասխանատու է միայն ձեր գաղտնաբառերը ստեղծելու համար, և եթե մաթեմատիկական հիմքը խախտված է, ձեր գաղտնաբառերը կարող են վերականգնվել հակադարձ ինժեներիայի միջոցով», – նշել է կիբեռանվտանգության ոլորտում գործող Failsafe ընկերության գործադիր տնօրեն Անեյրին Ֆլինը։
2026 թվականի սկզբից մինչ օրս գողացված կրիպտոարժույթների քանակը նվազել է նախորդ տարվա համեմատ։ Տարվա առաջին կեսին ընդհանուր կորուստները հասել են 972 միլիոն դոլարի, ինչը 2025 թվականի առաջին կեսին գողացված 2.3 միլիարդ դոլարի կեսից պակաս է։ Այնուամենայնիվ, հաքերային հարձակումների ընդհանուր թիվը հասել է 207-ի, որն ամենաբարձրն է ցանկացած վեցամսյա ժամանակահատվածում։


