03 Օգս
2026
38° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ներարգանդային վիրահատության միջոցով շտկել են երեխայի մոտ հայտնաբերված բնածին արատը

ԱՄՆ-ում ներարգանդային վիրահատության միջոցով շտկել են երեխայի մոտ հայտնաբերված բնածին արատը

ԱՄՆ-ում բժիշկները նորարարական վիրահատության միջոցով հաջողությամբ շտկել են դեռևս մոր արգանդում գտնվող պտղի բնածին արատը․ գրում է BBC-ն։

Երեխայի մորը՝ լոնդոնաբնակ Մեյզի Սևիջին, վիրահատել են հղիության 26-րդ շաբաթում։

Այժմ արդեն 5 ամսական Թեոյի մոտ հայտնաբերվել էր գաստրոշիզիս՝ բնածին արատ, երբ ներարգանդային շրջանում պտղի որովայնի առաջային պատն ամբողջությամբ չի ձևավորվում, և աղիների մի հատված զարգանում է որովայնի խոռոչից դուրս՝ արտաքին միջավայրում։

Երբ բժիշկները պարզել են, որ երեխայի մոտ առկա է գաստրոշիզիս, ապագա մայրիկին ուղարկել են ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի Texas Children’s Hospital հիվանդանոց, որտեղ բժիշկ Մայքլ Բելֆորտի գլխավորած թիմը դեռևս ներարգանդային փուլում գաստրոշիզիսը բուժելու կլինիկական փորձարկումներ է իրականացնում։

Միջամտության ընթացքում բժիշկները մասամբ բացել են մոր արգանդը, ապա լապարոսկոպիկ վիրահատության միջոցով երեխայի օրգանները զգուշորեն տեղափոխել որովայնի խոռոչ։ Նշվում է, որ սա նմանատիպ կլինիկական փորձարկման երրորդ դեպքն է աշխարհում։

Այս լուրջ բնածին արատը Մեծ Բրիտանիայում ամեն տարի հանդիպում է մոտավորապես յուրաքանչյուր 3000 նորածնից մեկի մոտ։ Նույնիսկ լավագույն դեպքում նորածինները շաբաթներ անցկացնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սնուցում ստանում ներերակային ճանապարհով, այնուհետև ենթարկվում վիրահատական միջամտության։

Իսկ հիվանդության ավելի բարդ տեսակների դեպքում, ինչպես Թեոյի մոտ էր, հետևանքները շատ ավելի ծանր են․ փոքրիկները կարող են մինչև վեց ամիս անցկացնել նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ենթարկվել բազմաթիվ վիրահատությունների, մինչև երկու տարի ստանալ ներերակային սնուցում և հնարավոր է՝ ունենան աղիների փոխպատ վաստման կարիք։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026