
Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը հանդիպել են։
Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Շվեյցարիայի երկկողմ օրակարգը, ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթությունները, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության ոլորտում իրավիճակի բարդացման պայմաններում կազմակերպությունը պետք է լիովին օգտագործի իր համապարփակ անվտանգության հայեցակարգը և լայն աշխարհագրական ներկայացվածությունը՝ պահպանելու իր արդիականությունը և դերը տարածաշրջանային անվտանգության հարցերի լուծման գործում։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջն է ներկայացրել խաղաղության գործընթացի ներկա փուլը, երկու երկրների միջև փաստացի խաղաղության հաստատումը և վստահության ամրապնդման միջոցառումները։ Նա ընդգծել է, որ երկկողմանիորեն ձեռք բերված առաջընթացը «ևս մեկ անգամ ցույց է տվել այս մոտեցման արդյունավետությունը»։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի շուրջ։


