
ՌԴ-ն կասեցրել է Հայաստանից ավելի քան 70․000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
«Ռոսպոտրեբնադզոր»-ի հանձնարարականի համաձայն՝ պետական «Честный знак» պիտակավորման համակարգը կասեցրել է Հայաստանից ավելի քան 70․000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը ՌԴ-ում․ գրում է ТАСС-ը։
Որպես կասեցման նպատակ նշվում է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելը»։ Պատճառն արտադրողների կողմից «պարտադիր պահանջների խախտումների հայտնաբերումն է»։
Արգելափակման տակ են հայտնվել «Բջնի» հանքային բուժիչ սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի և DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի առանձին խմբաքանակներ։
«Արգելափակումը վերաբերում է ընկերությունների կողմից որոշակի ամսաթվերով արտադրված խմբաքանակներին և չի ազդում այլ ապրանքների վրա», – նշվում է հայտարարությունում։


