05 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ առանցքում «կասկածելի, անհայտ ծագման» էքսպոնատի գնումն է

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ առանցքում «կասկածելի, անհայտ ծագման» էքսպոնատի գնումն է

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Դեմոյանի հրապարակման մի հատվածը ներկայացնում ենք ստորև․

«Սույն հաղորդումը կազմված է երկու առանցքային մեղադրանքների վրա, որոնք ունեն գիտական-ակադեմիական և քրեաիրավական հիմքեր։

Հիմնական պնդումը հետևյալն է. ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, առանց հիմնավոր ուսումնասիրության և գիտական փորձաքննության, պետական պահուստային խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել են վիճելի ու ոչնչով չհիմնավորված գնում` միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ:

Նախապատմություն

2025 թվականի դեկտեմբերին մի քանի ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաններ հայտարարություններ տեղադրեցին իրենց ֆեյսբուքյան էջերում՝ ազդարարելով, որ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացվել (մոտ 550 հազար ԱՄՆ դոլար): Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց անհայտ ծագման դռան փեղկի լուսանկարը, դրան կցելով հետևյալ տեքստը. «Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»։ Համանման հայտարարություններ տարածեցին ԿԳՄՍ նախարարությունն ու նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ակնհայտ էր, որ պետական պահուստային միջոցներից ահռելի գումարների դիմաց այս կասկածելի ցուցանմուշի գնումն ուղիղ կապ ուներ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ և նպատակ ուներ այսպիսի ձեռքբերումը ծառայեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը:

Հետաքննչական ու քրեաիրավական հիմքեր

Խիստ վիճելի և ծագումնաբանության առումով կասկածելի այս ցուցանմուշին վճարված գումարը չի արտահայտում միջազգային աճուրդներում համանման ցուցանմուշների աճուրդային գները և խիստ ուռճացված է առնվազն տասնապատիկ անգամ։ Այս պարագայում, պետք է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հանցավոր համաձայնություն աճուրդ իրականացնող կողմի հետ` խոշոր գումար աշխատելու և գումարի զգալի մասը գնող կողմին վերադարձնելու նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիմքով։

Հետաքննող մարմինները պետք է պարզեն, թե արդյո՞ք այստեղ գործ ունենք հնաոճ իրերի սև շուկայի մեջ ներքաշված պետական պաշտոնյաների հետ, երբ վերջիններս հանցավոր համաձայնության գալով հնաոճ իրերի վաճառքով զբաղվող և շուկան վերահսկող գործակալների հետ, գործարք են կնքում խիստ թանկ գնով հնաոճ իր ձեռքբերելու և իրացնելու համար: Արդյունքում մեծ վնաս է հասցվել ահռելի չափերի արտաքին պետական պարտք ունեցող ՀՀ պետական բյուջեին:

Պատկերացրեք այսպիսի մի սխեմա. պայմանավորվածություն է ձեռք բերվում ինչ որ միջազգային, ոչ առաջնային կարգի աճուրդի հետ, վերջինիս վաճառքի կատալոգում շատ բարձր գնով ցուցանմուշ կամ ձեռագիր մատյան զետեղելու և այն փոխշահավետ պայմանով ձեռք բերելու համար: Ապա իրի լուսանկարն ու գինը որոշ ժամանակով տեղադրելուց հետո այն հեռացվում է վաճառքից: Հաջորդիվ մշակույթի ու արժեքների հանդեպ «սրտացավ» պետական պաշտոնյաներն ի լուր աշխարհր հայտնում են, որ խնդրել են այս կամ այն ցուցանմուշը հանել աճուրդից՝ դրանք ֆիքսված գնով ձեռք բերելու համար:

Վերջին տարիներին նույն բովանդակությամբ հայտարարությունների հիմքով միևնույն աղբյուրից աճուրդային գնումներ են իրականացվել մի քանի անգամ:

Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ ձեռք բերված ցուցանմուշի գինը աստղաբաշխական է և չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի գոյություն չունի այսպիսի գնով հենց այս կատեգորիայի ցուցանմուշ, այն էլ վիճելի ինքնությամբ ու ծագումնաբանությամբ: Ի դեպ, խնդրահարույց դռան փեղկը լոնդոնյան SAM FOGG աճուրդում վաճառքի է եղել առնվազն 20 տարի, հաշվի առնելով 2000-ականներին տպագրված կատալոգը, ուստի սրտաճմլիկ պատմություններն աճուրդից հանելու վերաբերյալ բանից անտեղյակ լսարանի համար է:

Վերջին 25 տարիների ընթացքում հետևում եմ բազմաթիվ միջազգային աճուրդներում վաճառվող ցուցանմուշների գներին, պարբերաբար ստանում եմ կատալոգներ հեղինակավոր աճուրդներից և պետք է խոստովանեմ, որ թերի, այսինքն` ոչ ամբողջական հնաոճ այսպիսի իրի համար 175 մլն 360 հազար դրամ հատկացնելը կատարյալ աբսուրդի ժանրից է: Ավելին, դա հանցագործություն է: Համեմատության համար նշենք, որ 20 տարի առաջ տասնապատիկ անգամ էժան գնով՝ 50 հազար ԱՄՆ դոլարով, աճուրդում վաճառվել էր Մշո Սուրբ Կարապետ վանքի երկու փեղկերով ամբողջական ու լավ պահպանված դուռը՝ հայերեն արձանագրությամբ ու ստույգ թվագրմամբ»,- նշում է Դեմոյանը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026