
ՀՀ-ին պատասխանել իր իսկ մեթոդով․ ԵԱՏՄ-ն կարող է սառեցնել Երևանի անդամակցությունը միությանը․ ռուսական մամուլի ամփոփում
Ռուսաստանի Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Եվրոպական միությանը միանալու ձգտման մեջ Երևանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է․ գրում է EADaily-ն։
Ինչպես նշել է սենատորը, եվրոպական էլիտային պետք է ևս մեկ ռուսաֆոբ պետություն, որն անընդհատ կսրի Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Երևանը գիտակցում է այս ամենը, բայց նրանք ապրում են մի տեսակ եվրոէյֆորիայի մեջ, քանի դեռ ռուսական գազի մատակարարումները շարունակվում են ցածր գներով», – նշել է Ջաբարովը։
Սակայն եթե Հայաստանը դառնա Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկիր, ինչպես երազում են Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները, գործնականում բոլոր տնտեսական գործընթացները կդադարեցվեն, ինչը, իհարկե, առաջին հերթին, կազդի հենց Հայաստանի վրա։
РБК-ն գրում է, որ Մոսկվայի և Երևանի միջև կուտակվել են մի շարք լուրջ անհամաձայնություններ, հիմնականում՝ դեպի Եվրամիություն Հայաստանի շրջադարձի և մայիսից ի վեր Ռուսաստանի կողմից հայկական ներմուծման ոլորտում սահմանափակումների պատճառով։
Փորձագետ Նիկոլայ Սիլաևը կայքի հետ զրույցում հիշեցրել է՝ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանին, որ այս մոտեցումը՝ ԵԱՏՄ-ում մնալ, մինչև որևէ մեկի կողմից հրավեր ստանալը, չի կարող շարունակվել։ Մայիսին Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը միացան ռուսական դիրքորոշմանը։
Փորձագետը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն կարող է Հայաստանին վերաբերել այնպես, ինչպես Հայաստանը վերաբերվել է ՀԱՊԿ-ին։
«Հայաստանը, ինչպես ինքն է ասում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրա գործընկերները նշել են, որ պայմանագրում նման մեխանիզմ չկա, բայց Երևանն անտեսել է դա», – նշում է Սիլաևը։
«Հարց է առաջանում. ի՞նչն է խանգարում ՀԱՊԿ անդամ ԵԱՏՄ չորս երկրներին այժմ նմանատիպ մոտեցում ցուցաբերել՝ կասեցնելով Հայաստանի անդամակցությունը միությանը։ Երևանը կարծում է, որ դա անհնար է, քանի որ ԵԱՏՄ-ն նման մեխանիզմ չունի։ ՀԱՊԿ-ը նույնպես չունի», – նշել է փորձագետը։


