
Ընտրությունից հետո անգամ Սիրուշոյի խանութներում ու գրասենյակներում են ուժայիններ եկել․ Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ իրենց ընտանիքին պատկանող բիզնեսները ևս կարող են արժանանալ այնպիսի ճակատագրի, ինչպիսին, իր գնահատմամբ, այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի բիզնեսների շուրջ։
«Այն, ինչ ունենք, ունենք օրինական ճանապարհով։ Սա ասել եմ թե՛ Ազգային ժողովի ամբիոնից, թե՛ հիմա եմ կրկնում։ Այդ ամենի վերաբերյալ դատական գործընթացներ են ընթանում, և մենք ամեն ինչ ցույց ենք տալու։ Ոչնչից չենք հրաժարվել, ամեն ինչ մեր անունով է գրանցված, որևէ քողարկված սեփականություն չկա»,- ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ եթե իրենց նպատակը միայն ունեցվածքը պահպանելը լիներ, ապա չէին մտնի քաղաքական պայքարի մեջ։
«Եթե գերնպատակը ունեցվածքը պահելն լիներ, կարող էինք վաճառել, հեռանալ ու հանգիստ ապրել։ Մենք այս պայքարի մեջ մտնելով հասկացել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքն է գործում, այլ մեկ մարդու ցանկությունը։ Գիտակցում ենք, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է տեղի ունենալ նաև մեզ հետ»,- նշեց նա։
Պատգամավորը շեշտեց, որ իրենց պայքարը նյութական արժեքների համար չէ։
«Այս պայքարը ունեցվածքի մասին չէ, ինչ-որ բան ավել ունենալու մասին չէ։ Սա գաղափարական պայքար է։ Այո՛, պատրաստ ենք նաև նման զարգացումների։ 2018 թվականից հետո մեր կյանքը բոլորովին այլ ռեժիմի մեջ է ընթանում։ Կան բազմաթիվ ճնշումներ, որոնց մասին չենք բարձրաձայնում՝ ընտանիքի, երեխաների հետ կապված։ Այսօր ընդդիմադիր, առավել ևս ընդդիմադիր պատգամավոր լինելը որևէ արտոնություն կամ հաճույք չէ»,- ասաց նա։
Անդրադառնալով ընտրություններից հետո իրենց ընտանիքին պատկանող ընկերությունների նկատմամբ իրավապահ և հարկային մարմինների գործողություններին՝ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ստուգումներ են սկսվել։
«Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո այն գրեթե բոլոր ընկերություններում, որոնցում մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի, ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումները համազգեստով մտել են ստուգումների։ Ստուգումներ են իրականացվել ամենուր՝ նաև կնոջս՝ Սիրուշոյի խանութներում, նրանց գրասենյակում, նույնիսկ արտադրամասերում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մինչ այժմ որևէ խախտում չի հայտնաբերվել։
«Ոչ մի բան չեն կարողացել հայտնաբերել, որովհետև իսկապես խախտում չկա»,- նշեց պատգամավորը։
Լևոն Քոչարյանը մեկնաբանեց նաև «Պռեգոմեշ» խանութ-սրահից մեծ խաչի հեռացման դեպքը՝ նշելով, որ դա առնվազն հարցեր է առաջացնում։
«Ես չեմ կարող պնդել այն, ինչ փաստերով չգիտեմ, բայց առնվազն հարց է առաջանում։ Նույն չափի այլ դեկորատիվ տարրեր են եղել, որոնք խաչ չեն եղել, և դրանց նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել։ Իսկ հենց խաչի դեպքում նման քայլ է կատարվել։ Սա, բնականաբար, հարցեր է առաջացնում»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Նա անդրադարձել է նաև Սահմանադրությունը փոխելու ժամանակ իրենց խմբակցության անդամների ընտրությանը, ասաց՝ վստահ է՝ ոչ մեկ կողմ չի քվեարկելու։

