
Հայ պրոդյուսերն ընտրվել է «Ոսկե գլոբուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Ոսկե գլոբուս» հիմնադրամը (Golden Globe Foundation) հայ պրոդյուսեր, լրագրող և հեռուստահաղորդավար Րաֆֆի Պողոսյանին ընտրել է կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ։
Այս մասին տեղեկանում ենք Պողոսյանի Instagram-ի էջից։
«Պատիվ ունեմ հայտնելու, որ ընտրվել եմ «Ոսկե գլոբուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ։ Շնորհակալ եմ իմ հանդեպ ցուցաբերված վստահության համար: Պատրաստ եմ ծառայել հիմնադրամին, աջակցել նրա առաքելության իրականացմանը և արժեքավոր ներդրում ունենալ հիմնադրամի գործունեության մեջ», – գրել է Պողոսյանը։
«Ոսկե գլոբուս» հիմնադրամը 1943 թվականին հիմնադրված Hollywood Foreign Press Association-ի (HFPA) իրավահաջորդ ոչ առևտրային կազմակերպությունն է։ HFPA-ն նախկինում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության սեփականատերն ու կառավարող մարմինն էր։ 2023 թվականի հունիսի 12-ին HFPA-ն լուծարվեց․ կազմակերպությունն իր բոլոր ակտիվները վաճառեց Dick Clark Productions ընկերությանը և վերանվանվեց «Ոսկե գլոբուս» հիմնադրամ։
Կալիֆոռնիայի Ուեսթ Հոլիվուդ քաղաքում տեղակայված հիմնադրամը զբաղվում է դրամաշնորհային ծրագրերով՝ աջակցելով կինոյի, լրագրության, կրթության և մշակույթի ոլորտների տարբեր նախաձեռնությունների։


