07 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքականությունը չի կարող բարոյական և բարեվարք լինել, եթե կառուցված է ազգային-պետական շահերի ուրացման վրա․ Լիլիթ Գալստյան

Քաղաքականությունը չի կարող բարոյական և բարեվարք լինել, եթե կառուցված է ազգային-պետական շահերի ուրացման վրա․ Լիլիթ Գալստյան

Ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է լուծել խորքային խնդիր․ խորհրդարանական երկրում փրկել ամենացածր վարկանիշն ունեցող պետական ինստիտուտի՝ Ազգային ժողովի հեղինակությունը, որովհետև գիտակցում են՝ այդ պատկերի հիմնական պատասխանատուն իրենք են՝ քաղաքական մեծամասնությունը․ այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ ԱԺ դահլիճում վաղուց ոչ միայն բարեվարքության, այլև քաղաքական «կարմիր գծերն» են հատվել։ Նրա գնահատմամբ՝ այստեղ հնչել են հայտարարություններ, և ընդունվել է քաղաքական կուրս, որն 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ ամենաթշնամական տեքստերում։

«Որքան էլ փորձեք պարտությունների և զիջումների չվերջացող շարանը վաճառել որպես խաղաղություն, ձեր քաղաքական կենսագրությունից և, ցավոք, Հայաստանի Հանրապետության պատմությունից չեն ջնջվելու պատերազմը, Արցախի հայաթափումն ու բռնազավթումը, ներազգային պառակտումը, ՀԱՍԵ-ի դեմ արշավը և Ամենայն հայոց կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելու փորձերը։ Սրանք սովորական փաստեր չեն, այլ քաղաքական ու պատմական խարան են»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Գալստյանը նշեց, որ բարեվարքությունը կարևոր է նաև քաղաքական բովանդակության մեջ՝ ընդգծելով, որ քաղաքականությունը չի կարող բարոյական և բարեվարք լինել, եթե կառուցված է ազգային-պետական շահերի ուրացման, երկակի ստանդարտների, երեսպաշտության և, հատկապես, չկատարված խոստումների վրա։

«Խոսում եք բարեվարքությունից, իսկ նույն պահին մերկապարանոց հայտարարություններ եք անում, թե ժողովուրդն ընդդիմությանը հակաժողովրդավարական և հակապետական է ընկալում։ Դուք խորապես սխալվում եք, որովհետև ժողովուրդը խոր անվստահությամբ է վերաբերում ձեր վարած քաղաքականությանը, թիմի կառավարչական ունակություններին, պետական ինստիտուտի արդյունավետությանը և հատկապես ընտրական գործընթացներին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026