
«Գաղտնիք է». ԱԱԾ-ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին. Sputnik Արմենիա
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։
«Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։
Նշված տեղեկատվությունը, ինչպես նշել են ԱԱԾ-ում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա չէ տրամադրման։
Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի կառուցումը Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում։
Ընդ որում` այն ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դա «գաղտնի տեղեկատվություն» չէր համարել և մեզ հայտնել էր, որ «իրականացվում են համապատասխան աշխատանքներ»։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ ցանկապատի կառուցումը դեռ ավարտված չէ։


