
Ցիկլն ավարտվում է, իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք․ Նարեկ Կարապետյանը՝ իշխող ուժին
Գիտե՞ք՝ բոլոր իշխանություններին, որ Հայաստանում եղել են, ինչն է միավորել՝ իրենք համարել են, որ հավերժ են, որ այս օրենքները, որ գրում են, դրանցով իրենք են դատելու, ոչ թե իրենց են դատելու։ Բոլորի հետ խոսելուց, բոլորի հետ շփվելուց, ես հասկացել եմ, որ բոլորն ափսոսում են մի բանի համար, որ չեն ստեղծել մրցակցային իրավական ու դատական համակարգ․ այսօր ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Հարգելիներս, ինչքան էլ տարբեր ուժեր լավ կառավարեն երկիրը, ժողովրդավար երկրում իշխանությունը փոփոխելի է։ Իսկ դուք, կանգնելով մեր առջև, շատ վստահ ասում եք՝ «հլը հարց է, թե քանի քաղբանտարկյալ կա»։ Մարդ էլ կար, ասում էր՝ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ երկրորդ նախագահի ժամանակ ինչքան քաղբանտարկյալ կար։ Քաղբանտարկյալներո՞վ ենք համեմատվում։ Վատ են արել, նույնը մի՛ արեք»,-ասաց նա՝ դիմելով իշխող ուժին։
Նա ասաց, որ հրավիրում են եվրոպական բոլոր դեսպանություններին դատական նիստերին մասնակցելու․ «Թող մասնակցեն, տեսնեն՝ ինչի համար են մարդիկ դատվում։ Համայնքներից մեկում մարդուն դատում են կաշառքի համար, նրա համար, որ խոսք է տվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»։
«Հարյուրավոր մեր ընկերներին տարաք լցրիք բերդերը, 2 օր առաջ 100-ից ավելի մարդ լցրիք բերդերը։ Դուք կարող եք դուրս գալ և ուրիշ բան ասել, քաղաքականապես մի կատարյալ ելույթ ունենալ, բայց ձեզանից առաջ էլ Հանրապետականի ժամանակ են ունեցել այդ ելույթը, երկրորդ նախագահի ժամանակ էլ են ունեցել այդպիսի ելույթ․․․ Բայց դա չի փոխել քաղաքական փոփոխությունների անիվը։ Ցիկլն ավարտվում է, իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք»,-ասաց Նարեկ Կարապետյանը։


