
Ադրբեջանն է այսօր որոշում` Հայաստանն ունենա՞ ատոմակայան, թե՞ ոչ․ ադրբեջանագետ
Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը․ գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու անթաքույց տեքստերը, ոչ միայն հակասում են խաղաղության մասին խոսույթներին, այլ նաև հակասում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի տեքստին, որտեղ հստակ կետ կա, որ կողմերը իրավունք չունեն միջամտել միմյանց ներքին գործերին։
Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, պետք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը։ Իսկ իրականում խաղաղության անվան ներքո տեղի է ունենում Հայաստանի «ֆինլանդիզացիայի» գործընթաց, և եթե ժամանակին Ֆինլանդիան, ելնելով իրավիճակից, ենթարկվում էր բավականին ազդեցիկ Խորհրդային Միության թելադրած պայմաններին, այժմ Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր։ Ու, ցավոք սրտի, դա տեղի է ունենում արտաքին տարբեր դերակատարների հավանության ներքո, քանի որ Հայաստանը ինքը որոշում է կայացրել չպայքարել, չդիմադրել, քայլեր չձեռնարկել սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Մատուցվողը ոչ թե խաղաղություն է, այլ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարման գործընթաց, ինչը փաստացի այսօր իրականացնում է ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը»»,- ասված է հաղորդագրությունում։


