Բաքուն հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացու նկատմամբ․ ինչի՞ համար են նրանց մեղադրում
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացու՝ «Մոսկվա 24» ՀԸ-ի լրագրող Իվան Կնյազևի, մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մեղադրանքի հիմքում Սեմյոն Ուրալովի YouTube-յան ալիքում հեռարձակված «Чистота понимания» հաղորդման՝ հուլիսի 14-ի և օգոստոսի 13-ի եթերների ժամանակ հնչած հայտարարություններն ու ելույթներն են, որ ըստ Դատախազության՝ համեմված են եղել սահմանադրական կարգը տապալելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ազգային ատելություն և թշնամանք հրահրելու, ինչպես նաև ահաբեկչության իրականացնելու հրապարակային կոչերով ու հորդորներով։
Ավելին՝ մեղադրող կողմը պնդում է, որ Ուրալովի՝ օգոստոսի 13-ի հաղորդման ընթացքում «մեղադրյալները» խոսել են առանձին անձանց ֆիզիկական ոչնչացման և թիրախային սպանությունների մասին։
«Քանի որ հետախուզվող երեք քաղաքացին էլ Ադրբեջանի տարածքում չէ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Իսկ որպես խափանման միջոց սահմանվել է կալանքը»,- գրում են ադրբեջանական աղբյուրներն՝ ավելացնելով, որ իրավապահներն արդեն դիմել են նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն՝ Ինտերպոլ։


