
Ադրբեջանը դատի է տվել CNN-ին
Ադրբեջանը դատի է տվել CNN-ին՝ հունիսին հրապարակված հոդվածում պնդման համար, որ ԱՄՆ-Իրան պատերազմի գագաթնակետին իսրայելական զորքեր են ուղարկվել Ադրբեջան․ գրում է oc-media.org-ը։
Ադրբեջանական կառավարամետ ԶԼՄ-ները գրել են, որ Բաքուն երեք անգամ պահանջել է CNN-ից հեռացնել հոդվածը, սակայն ամերիկյան գործակալությունը հրաժարվել է դա անել։
CNN-ի հոդվածում մեջբերվում է 4 անանուն աղբյուր և նշվում, որ Իսրայելն «էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ» է տեղակայել Ադրբեջանում՝ որպես «Մերձավոր Արևելքում գաղտնի վայրերի ցանցի մաս՝ Իրանի դեմ գործողությունները հեշտացնելու համար»։
CNN-ի հետ զրուցած երկու աղբյուրների համաձայն՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային մի քանի վայրերում, այդ թվում՝ Իրանի Թավրիզ քաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքից։
«Հատուկ ստորաբաժանումներ նույնպես տեղակայվել են այդ վայրում և իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի գործողություններ։ Սա Իսրայելին արժեքավոր հնարավորություն է տվել պատերազմի ընթացքում տեսնելու Իրանի հյուսիսը», – հայտնել է CNN-ը։
Ադրբեջանը հերքել է այս պնդումը։ 2026 թվականի հունվարին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի տարածքը «երբեք» չի օգտագործվի «որևէ պետության» կողմից՝ Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։ 2026 թվականի հունիսի CNN-ի հոդվածին ի պատասխան՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը հերքում է տարածել՝ անվանելով դա «անհիմն պնդումներ»։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ «չնայած CNN-ը խոստացել էր վերանայել Ադրբեջանի պահանջները, այս ընթացքում այն որևէ գործողություն չի ձեռնարկել և հետ չի վերցրել վիճելի մեղադրանքները», ինչի արդյունքում դատական հայց է ներկայացվել։


