
Թուրքիայի ու Սիրիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն ու ստերը նրա աճող միջազգային մեկուսացման և քաղաքական վախերի արտացոլումն են․ Էրդողանի գրասենյակ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը և քաղաքական մոլորությունները․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը՝ մեկնաբանելով Նեթանյահուի այն հայտարարությունները, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայության սպառնալիքը․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի և Սիրիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն ու ստերն Իսրայելի վարչապետի աճող միջազգային մեկուսացման, նրա քաղաքական վախերի և մոլորությունների ևս մեկ արտացոլումն են։ Սակայն նրա փորձերը՝ մոլորեցնելու միջազգային հասարակական կարծիքը՝ ստեղծելով հորինված սպառնալիքներ և թշնամիներ, այլևս որևէ արդյունք չեն տալիս։ Միջազգային հանրությունը ճանաչում է նրա քաղաքականության վնասակարությունը», – Դուրանի խոսքերն է մեջբերում TRT Haber-ը։
Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի պայքարել Նեթանյահուի ապակայունացնող գործունեության դեմ և աջակցել տարածաշրջանում խաղաղ քաղաքականություն վարող բոլոր երկրներին, այդ թվում՝ Սիրիային։
Ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտ է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելուն»՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։ Իր հերթին՝ Syria TV-ն հաղորդել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն օգոստոսի 18-ին հարձակվել են Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր ռազմական օդանավակայանի վրա: ԱՄՆ նախագահի Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը I24 հեռուստաալիքին ասել էր, որ ավիահարվածը կարող էր հանգեցնել կտրուկ սրման՝ նույնիսկ հանգեցնելով Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական հակամարտության:


