
Մենք փաստահավաք գործունեություն ենք սկսում հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց և նրանց պատմությունների վերաբերյալ․ փաստաբան
Մենք փաստահավաք գործունեություն ենք սկսում հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց և նրանց պատմությունների վերաբերյալ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ անդրադառնալով 2024 թվականի հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներին։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ: Դրա հետևանքով տարբեր վնասվածքներ ստացավ շուրջ 100 քաղաքացի և լրագրող, իսկ հետագայում քրեական հետապնդումներ սկսվեցին տասնյակ ցուցարարների նկատմամբ:
«Ասուլիսի ավարտից հետո ՄԱԿ-ի փորձագետներին կուղարկենք մեր լրացուցիչ փաստարկները և բոլոր այն հակափաստարկները, որոնք ներկայացրել է ՀՀ կառավարությունը՝ իբր արդարացում հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած վայրագությունների և «Սրբազան պայքար»-ի գործի ապօրինի մեղադրանքներին»,-նշեց նա։


