Պակիստանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին
Պակիստանի իշխանությունները որոշել են Թեհրանից հետ կանչել երկրի դեսպան Մուհամմադ Մուդասիր Տիպուին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Պակիստանի Բելուջիստանի նահանգի թիրախներին հրթիռային հարվածների պատճառով։ Այս մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության չհրահրված և աղաղակող խախտումը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Այդ հակաօրինական գործողությունը բացարձակապես անընդունելի է և ոչ մի արդարացում չունի: Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու այդ հակաօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունը կընկնի բացառապես Իրանի վրա», – ասել է նա:
Բալոչի խոսքով՝ համապատասխան բողոքի նոտան ուղարկվել է Իրանի կառավարությանը։
«Մենք նրանց տեղեկացրել ենք, որ Պակիստանը որոշել է հետ կանչել իր դեսպանին Իրանից, և որ Պակիստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, որը ներկայումս գտնվում է Իրանում, առայժմ կարող է չվերադառնալ (խմբ․՝ Իսլամաբադ)», – ասել է Բալոչը։
Նրա խոսքով՝ Իսլամաբադը նաև «որոշել է դադարեցնել Պակիստանի և Իրանի միջև բարձր մակարդակի ընթացիկ և մոտ ապագայում նախատեսված բոլոր այցերը»:
Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Իրանական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային հենակետեր՝ իրականացնելով թիրախային հարվածներ։