
Հետընտրական փուլում բոլորին կալանավորելը պատահական չէ, իշխանությունը ցանկանում է հանգիստ պայմաններում իրականացնել Ադրբեջանի պահանջները. Աննա Գրիգորյան
Հետընտրական փուլում կալանավորումները պատահական չեն․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը փորձում է Սահմանադրության փոփոխության և Տիգրանաշենը հանձնելու գործընթացների ֆոնին կանխել հնարավոր դիմադրությունը։
«Հետընտրական փուլում բոլորին կալանավորելը չի կարող պատահական լինել, այս փուլում Նիկոլ Փաշինյանն ուզում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ որևէ մեկը ձայն չհանի»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը ցանկանում է հանգիստ պայմաններում իրականացնել Ադրբեջանի պահանջները և «վերացնել բոլոր օջախները՝ արհավիրքներից առաջ», սակայն «Հայաստան» դաշինքը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու է Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Գրիգորյանը հայտարարեց, որ այն ապօրինի է, և նախագահ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ նշեց, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը միայն ստի վրա է կառուցված։


