
Սեփական քաղաքացիների ճակատագիրն անտեսելը հակասահմանադրական է․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Forbes-ին
Forbes Woman-ին տված բացառիկ հարցազրույցում Ռուբեն Վարդանյանի կինը՝ բարերար և Noôdome-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, խոսել է իր ամուսնու ձերբակալությունից հետո տեղի ունեցածի, իր ընտանեկան գործերի և բարեգործական նախագծերի կառավարման, ինչպես նաև ամուսնու ազատ արձակմանն ուղղված ջանքերի մասին։
Զոնաբենդի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի հետ մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգով կապ չի եղել։
«Միայն վերջերս, փաստաբանի միջոցով, ես կարողացա ուղարկել մեր թոռնուհիների լուսանկարները, որոնք ծնվել են Ռուբենի՝ բանտում գտնվելու ընթացքում», – նշել է Վարդանյանի կինը։
Զոնաբենդը հուլիսին հայտարարել էր, որ կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն է պատրաստում, որը սեպտեմբերին կմեկնի Բաքու։ Լրագրողի հարցին, թե ո՞րն է դրա նպատակը, նա պատասխանել է․ «Նախաձեռնության նպատակը զուտ մարդասիրական է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, այցելել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիներին և փոխանցել նրանց հարազատներից նամակներ, լուսանկարներ և թույլատրված անձնական իրեր»։
Նա հավելել է, որ նամակներ է ուղարկել մի քանի միջազգային կազմակերպությունների, նախևառաջ՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային, որը Ռուբեն Վարդանյանի հետ զրույցում իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու այցի կազմակերպմանը։ Սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել։
«Ես նամակ ուղարկեցի Հայաստանի վարչապետին։ 2026 թվականի ապրիլին Ռուբենը դիմեց Հայաստանի մարդու իրավունքների հանձնակատար Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով նրան գալ Բաքու և այցելել հայ բանտարկյալներին՝ նրանց ընտանիքների հետ միասին, Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ ՀՀ ՄԻՊ-ը պատասխանեց Ռուբենին, որ ինքը նման լիազորություն չունի. Ադրբեջան մեկնելն իր լիազորությունների մեջ չէ։ Այնուհետև, մայիսին, Ռուբենը կապ հաստատեց Հայաստանի վարչապետի հետ՝ հարցնելով, թե ո՞վ է պատասխանատու Ադրբեջանում բանտարկված հայ քաղաքացիների պաշտպանության և աջակցության կազմակերպման համար։ Ռուբենը դեռևս պատասխաններ չի ստացել իր հարցերին։ Ես կարծում եմ, որ սեփական քաղաքացիների ճակատագիրն անտեսելը հակասահմանադրական է»,- ասել է նա։
Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը նախևառաջ պետք է հոգ տանի իր քաղաքացիների ճակատագրի մասին։
«Ես նամակ գրեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ խնդրելով աջակցել պատվիրակությանը», – ընդգծել է Վարդանյանի կինը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի համար պատվիրակությունը հնարավորություն է ցուցադրելու իրական բարի կամք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում։

