
Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին․ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար
ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնեց հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումներ ներդնել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար:
Միջոցառումների շրջանակում կազատականացվի ԵՄ հայկական արտահանման մոտ 80%-ը: Այս արտոնյալ կարգավորումը որոշակի պայմաններով է և ներառում է նաև միջոցառումներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու համար, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա։
Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին նշել է․
«Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի: Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է հղում՝ տնտեսական հարկադրանքի բախվելիս ԵՄ-ն կարձագանքի: Մենք կստեղծենք նոր հնարավորություններ և կկանգնենք մեր գործընկերների կողքին»։
Կանոնակարգը սահմանում է ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում հայկական արտադրանքի լայն տեսականու համար՝ ներառյալ սակագնային քվոտաների ենթակա ընտրված գյուղատնտեսական արտադրանքը։ Միջոցառումները կգործեն կանոնակարգի՝ ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում և կընդգրկեն Հայաստանից Ռուսաստան թարմ միրգ-բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ը և խմիչքների ու ոգելից խմիչքների ավելի քան 91%-ը։
Առաջարկվող կանոնակարգը նախատեսված է աջակցելու Հայաստանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի առևտրային սահմանափակումները խաթարել են հայկական արտահանումը և տարանցիկ ուղիները։ Այն նաև նպատակ ունի ամրապնդելու ԵՄ-ՀՀ առևտրային հարաբերությունները՝ համաձայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA):


