
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատմական հաջողությունը․ ինչո՞ւ են ԱՄՆ-ն և ՌԴ-ն աջակցում AfD-ին
«Սեյսմիկ իրադարձություն», «սոցիալ-քաղաքական երկրաշարժ», «շրջադարձային կետ Գերմանիայի համար»․ սրանք այն բառերն են, որոնք քաղաքական վերլուծաբաններն ու շատ լրատվամիջոցներ օգտագործել են կիրակի օրը Գերանիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հակամիգրացիոն «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակը նկարագրելու համար․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սաքսոնիա-Անհալթը Գերմանիայի 16 դաշնային հողերից ամենափոքրերից է՝ երկրի 59 միլիոն ընտրողներից ընդամենը 1.7 միլիոնով։ Քաղաքական տրամադրություններն այս տարածաշրջանում կարող են շատ նշանակալի լինել, առաջին հերթին՝ Գերմանիայի ներսում։ Չնայած քվեարկությունը տարածաշրջանային բնույթի էր, դրա հետևանքները զգացվում են ազգային մակարդակով։ AfD-ի ճնշող առաջատարությունը մեծացնում է ճնշումը Բեռլինում արդեն իսկ պայքարող կենտրոնամետ կոալիցիոն կառավարության վրա։ Սա կարող է լինել վերջին մեխը խիստ ժողովրդականություն չվայելող պահպանողական Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քաղաքական կյանքի համար։
Սաքսոնիա-Անհալթում ընտրությունների արդյունքները նաև վերաիմաստավորման առիթ են ամբողջ Գերմանիայում, որտեղ նացիստական անցյալը դեռևս պահպանվում է։ Սա ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության առաջին նշանակալի ընտրական հաղթանակն է 1945 թվականին Երրորդ Ռեյխի անկումից ի վեր։
Գերմանիայի իշխանությունները մասամբ AfD-ն հայտարարել են հակաժողովրդավարական, իսկ կուսակցության մի քանի տարածաշրջանային ճյուղեր, այդ թվում՝ Սաքսոնիա-Անհալթում՝ ծայրահեղ աջ և ծայրահեղական։
Փոքր Սաքսոնիա-Անհալթի ընտրությունն արձագանք է գտնում նաև Գերմանիայի սահմաններից դուրս։ ԱՄՆ նախագահն ինքն է կիրակի օրն իր Truth Social հարթակում հրապարակել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի էքզիթ-փոլի արդյունքները։
AfD-ի հակամիգրացիոն կարգախոսը՝ «Գերմանիան գերմանացիների համար», մեծապես արձագանքում է Դոնալդ Թրամփի MAGA կարգախոսին՝ «Ամերիկային վերադարձնենք իր մեծությունը»։
Եվրոպայի այլ ազգայնական կուսակցությունների հետ միասին՝ AfD-ն մեծապես փոխառել է Թրամփի ռազմավարությունը՝ խաթարելով հիմնական լրատվամիջոցների հեղինակությունը, կասկածի տակ դնելով դատավորների անաչառությունը և խոստանալով «կրկին հզոր դարձնել Գերմանիան»։
Այնուամենայնիվ, BBC-ն նշում է, որ ԱՄՆ նախագահի անունը հազվադեպ է հիշատակվում եվրոպական ընտրարշավի ժամանակ։ Քաղաքական գործիչները լավ գիտակցում են նրա ժողովրդականությունն ընտրողների շրջանում։
Կիրակի երեկոյան Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հետևել է Թրամփի օրինակին սոցիալական ցանցերում։ Նա AfD-ի արդյունքն անվանել է «պատմական»՝ հայտարարելով, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը «վարկաբեկված» է, իսկ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «նվաստացած» և «վերածվել է Սթարմերի»։ Գերմանիայի կառավարությունն Ուկրաինայի ամենամեծ դոնորն է, իսկ Մեծ Բրիտանիան Կիևին մատակարարել է հրթիռներ, որոնք օգտագործվել են Ռուսաստանին հարվածելու համար։ Սա խոր վրդովմունք է առաջացրել Մոսկվայում։ Ի տարբերություն դրան՝ AfD-ն բավականին ռուսամետ դիրքորոշում ունի։ Այն պաշտպանում է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը, Մոսկվայի դեմ պատժամիջոցների վերացումը և ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումների վերսկսումը։


