
Զսպե՛ք հուսիներին, հակառակ դեպքում՝ մեկ երկրի վրա ագրեսիան կհամարվի ագրեսիա բոլոր երեք երկրների վրա․ Պակիստանը զգուշացում է փոխանցել Իրանին
Պակիստանը Սաուդյան Արաբիայից զգուշացում է փոխանցել Իրանին՝ զսպելու իր եմենցի հուսի դաշնակիցներին, որոնք ուժեղացրել են թագավորության վրա հարձակումները, և համակարգված ջանքեր գործադրել ճգնաժամի սրումը կանխելու համար․ Reuters-ին հայտնել են սաուդյան, պակիստանյան և իրանական աղբյուրները։
Երեքշաբթի հուսիները հարվածել են Խամիս Մուշաիթում գտնվող ավիաբազային և մոտակա քաղաքների նավթային ենթակառուցվածքներին՝ վիրավորելով 73 մարդու։ Սա փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Սաուդյան Արաբիայի վրա ամենամեծ հարձակումներից մեկն է։ Հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները վերջին 12 ժամում 54 ավիահարված են հասցրել Եմենի տարբեր նահանգներին՝ հավելելով, որ նրանք «անպատասխան և անպատիժ չեն մնա»։
Իրանին ուղղված Պակիստանի նախազգուշացումը զգալի կշիռ ունի Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ կնքված պաշտպանական պայմանագրի պատճառով։ «Մեկ երկրի վրա ագրեսիան կհամարվի ագրեսիա բոլոր երեք երկրների վրա», – ասել է Ասիֆը՝ պակիստանյան հեռուստատեսությամբ:
Աղբյուրները հայտնել են, որ Թեհրանին ուղղված ուղերձը հստակ է. զսպե՛ք հուսիներին, հակառակ դեպքում՝ միջնորդավորված հակամարտությունը կարող է վերածել ավելի լայն տարածաշրջանային անվտանգության ճգնաժամի:
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Պակիստանը երեքշաբթի Թեհրանին է փոխանցել այդ ուղերձը, և Թեհրանի պատասխանն այն էր, որ «Իրանը չի վերահսկում հուսիներին»։
Այնուամենայնիվ, երկու իրանական աղբյուրներ հայտնել են, որ Թեհրանն անցյալ շաբաթ հուսիներին հրահանգել է հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի վրա։ Թեհրանը խոստացել է լրացուցիչ ֆինանսավորում և զենք, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի հրամանատարներ մեկնել են Եմեն՝ հարձակումները համակարգելուն օգնելու համար։
Տարածաշրջանային դիվանագետը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է զսպել հուսիներին, նախքան սրացումը կհասներ այնպիսի կետի, որ Էր-Ռիադը կարողանա ճնշում գործադրել Պակիստանի վրա՝ ավելի ակտիվ դեր խաղալու իր պաշտպանության գործում։
«Պակիստանը համաձայնագիր ունի Սաուդյան Արաբիայի հետ, բայց ես հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ Պակիստանը գործնականում ստիպված լինի միջամտել։ Առայժմ այն կհետապնդի դիվանագիտական լուծում», – Reuters-ին հայտնել է դիվանագետը։


