
Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինին, Ուելսի առաջին նախարար Ռու ապ Յորվերտը և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը Քարդիֆում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ խոստանալով աջակցել յուրաքանչյուրի ինքնորոշման իրավունքին և համաձայնելով համագործակցել տնտեսական և այլ ոլորտներում։
The Telegraph-ի տվյալներով՝ կողմերը կհամագործակցեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գործնական ոլորտներում, ներառյալ՝ վերականգնվող էներգիայի զարգացումը, ավելի ուժեղ և արդար տնտեսության ստեղծումը, Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդումը և յուրաքանչյուր ազգի սեփական ապագան որոշելու իրավունքի աջակցությունը։
Սուինին կոչ է արել Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնել առաջիկա 5 տարում։ Օ’Նիլը կոչ է արել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի իշխանություններին սահմանային հանրաքվեի ամսաթիվ սահմանել մինչև 2030 թվականը։ Յորվերտը նշել է, որ Ուելսի անկախության հարցը և դրա լուծման ժամկետները «գտնվում են Ուելսի ժողովրդի ձեռքում»։
«Մեր ազգերն ունեն ինքնորոշման իրավունք: Մենք կոչ ենք անում բրիտանական կառավարությանը նախապատրաստվել, ծրագրել և նպաստել սահմանադրական փոփոխություններին յուրաքանչյուր վարչատարածքային միավորում», – նշել են նախարարները։
Սուինին ներկայացնում է «Շոտլանդիայի ազգային կուսակցությունը» (ՇԱԿ), որը պաշտպանում է Շոտլանդիայի անկախությունը: Յորվերտը ղեկավարում է Ուելսի անկախությունը պաշտպանող Plaid Cymru կուսակցությունը: Օ’Նիլը Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարն է և «Սին Ֆեյն» կուսակցության անդամ, որը պաշտպանում է Հյուսիսային Իռլանդիայի միավորումն Իռլանդիայի Հանրապետության հետ:


