
Տղամարդը 4-ամյա դստեր աչքի առաջ ընթացող մեքենայից դուրս է հրել կնոջը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում Ա․Ս․-ն պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը․ տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Քննությամբ պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 24-ին՝ հերթական վիճաբանության ժամանակ, ընթացող մեքենայից հրելու միջոցով դուրս է գցել կնոջը՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Վերը նշված արարքները կատարվել են վերջիններիս 4-ամյա դստեր ներկայությամբ, որի հետևանքով երեխային պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերով(անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։


