
Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ արհեստական բանականությունը կկործանի մարդկությանը․ POLITICO
Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ արհեստական բանականությունը մի օր կարող է կործանել մարդկությանը։ POLITICO-ի հարցման այս ուշագրավ արդյունքն ընդգծում է արագ զարգացող տեխնոլոգիայի վերաբերյալ մարդկանց մտահոգությունների խորությունը, ինչպես նաև այն, թե որքան արագ է «կոշտացել» հանրային կարծիքն արհեստական բանականության (ԱԲ) հարցում։
Ընդամենը մի քանի ամիս առաջ ԱԲ-ն շատ ամերիկացիների համար անորոշ հասկացություն էր։ Այժմ օրենսդիրները շտապում են հասկանալ, թե ինչպես վերահսկել դրա զարգացումը։ Ընդհանուր առմամբ՝ ամերիկացիների մոտ երկու երրորդը նշում է, որ գոյություն ունի առնվազն «չափավոր» ռիսկ, որ զարգացած ԱԲ-ն կարող է ոչնչացնել մարդկությանը։ Այս տեսակետը կիսում են տարբեր կուսակցական պատկանելություն, սեռ և տարիքային խումբ ունեցող մարդկանց մեծամասնությունը։
ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի օգտին քվեարկած ամերիկացիներն ավելի են հակված տեսնելու նման ռիսկ (70%), քան նախագահ Դոնալդ Թրամփի օգտին քվեարկածները (60 %)։ ԱՄՆ չափահաս բնակչության մոտ կեսի կարծիքով՝ ԱԲ ոլորտի այն մասնագետները, որոնք նախազգուշացնում են, որ տեխնոլոգիան «կսպանի մեզ բոլորիս», դա անում են, քանի որ անկեղծորեն հավատում են դրան։
POLITICO-ի հարցման համաձայն՝ ընդամենը 26 %-ն է կարծում, որ այդ առաջատարները դա անում են որպես մարքեթինգային քայլ՝ իրենց ընկերությունների արտադրանքը հզոր և կարևոր ներկայացնելու համար։
Հարցումը նաև ցույց է տալիս, որ ամերիկացիները հակված են դանդաղեցնել կամ կասեցնել ԱԲ-ի զարգացումը՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով (նշելով, որ ԱԲ-ն արդեն իսկ բավականաչափ զարգացած է)։
Թրամփի ընտրողների շրջանում կարծիքները բաժանված են. նրանց 44 %-ը կողմ է զարգացման գործընթացը կասեցնելուն, մինչդեռ 40%-ը համարում է, որ պետք է շարունակել աշխատանքը, քանի որ արհեստական բանականությունը դեռ կարող է զգալի օգուտներ բերել։ Եվ թեև տեխնոլոգիական ոլորտի առաջատարներն արդեն ահազանգում են, Թրամփն ինքը շարունակում է պնդել, որ արհեստական բանականությունն ու տվյալների մշակման կենտրոնները կդառնան «պատմության մեջ տնտեսական զարգացման ամենահզոր շարժիչը» և իր պաշտոնավարման ընթացքում «չեն կասեցվի»։
Հարցումն անցկացվել է Լոնդոնում տեղակայված անկախ Public First ընկերության կողմից սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում։


