
Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր գործչին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի նախկին ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն մեղադրվում է «նախագահին վիրավորելու» համար․ գրում է Ermenihamber-ը։
«Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ով ձեռք է մեկնում պետական միջոցներին, անկախ նրանից, թե ով է նա, իր պարտքն է համարում նրան պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Այս հայտարարությանն ի պատասխան Քաֆթանջըօղլուն մեջբերել էր Էրդողանի գրառումը և գրել․
«Դա նաև մեր պարտքն է… Մոտ են այն օրերը, երբ պետական գույքին ձեռք մեկնողները պատասխանատվության կենթարկվեն»։
Այս հայտարարությունից հետո հետաքննություն է սկսվել ու նրան սպառնում է մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկում։ Քաֆթանջըօղլուն Ստամբուլի 53-րդ քրեական դատարանում նիստի ընթացքում ասել է, որ թե՛ իր հայտարարությունը, թե՛ Էրդողանի հայտարարությունը նույն միտքն ու իմաստն ունեն»,- նշում է լրատվամիջոցը։


