
Ադրբեջանը հանձնառու է պահպանել իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը․ Հաջիև
Դուբայում կայացած Euronews-ի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության հաստատումը «բարդ ու դժվարին գործընթաց» է, սակայն Ադրբեջանը հանձնառու է «պահպանել իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը, քանի որ այն իր պատմության մի մասն է»։
Հաջիևն ադրբեջանական քարոզչությանը բնորոշ ոճով հայտարարել է, թե Հայաստանում և հայկական սփյուռքում իբր գործող «ռևանշիստական ուժերը» «դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել նախկին հակառակորդների միջև ընթացող պատմական խաղաղության գործընթացը։
Հաջիևը Euronews-ին ասել է, որ «հավանաբար, Հայաստանի կառավարությունն ու ղեկավարությունը նույնպես պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց հաղթում ենք նաև խաղաղության հարցում, ինչը բարդ ու դժվարին գործընթաց է», – նշել է Հաջիևը։
Նա հավելել է, որ Ադրբեջանը հանձնառու է «պահպանել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը՝ անկախ դրա պատկանելությունից, և սա վերջնական դիրքորոշում է, քանի որ դա մեր մշակութային ժառանգությունն է»։
Հիշեցնենք, որ այժմ Լեռնային Ղարաբաղում անհետանում են հայկական կյանքի նյութական հետքերը։ Արբանյակային դիտարկումները փաստագրել են եկեղեցիների, գերեզմանատների և գյուղերի ոչնչացումը։ Քարին տակը գրեթե ամբողջությամբ հիմնահատակ ավերվել է։ Ստեփանակերտում Ադրբեջանը քանդել է երկու հայկական եկեղեցի, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին տաճարը, որն օծվել էր 2019 թվականին։ Ոչնչացվել է նաև Շուշիի գերեզմանատունը, որտեղ կային հայկական և ռուսական շիրիմներ, միջնադարյան խաչքարեր և 19-րդ դարի տապանաքարեր։ Իսկ Գանձասարը և Դադիվանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։


