
ՆԱՏՕ-ն բախվում է վերջին շրջանում անվտանգության առումով ամենավտանգավոր և բարդ իրավիճակին․ Մարկ Ռյուտտե
ՆԱՏՕ-ն «Մեծ Բրիտանիայի ու Եվրոպայի առավել ակտիվ մասնակցության» կարիքն ունի՝ Արևմուտքի համար վերջին շրջանում անվտանգության առումով ամենավտանգավոր իրավիճակին դիմակայելու համար: Այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում հայտարարել է 32 անդամ երկիր միավորող ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։
«Կենսական նշանակություն ունի, որ ձեր զինված ուժերը շարունակեն ապահովել այն ռազմական հզորությունը, որն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին», – նշել է Ռյուտտեն։
Ըստ պարբերականի՝ այսպիսով Ռյուտտեն կոչ է արել Մեծ Բրիտանիային առաջընթաց գրանցել դաշինքի մասշտաբով սահմանված այն թիրախի ուղղությամբ, որը պահանջել է Դոնալդ Թրամփը, այն է՝ մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը։
Գումարը պետք է հայթայթվի լրացուցիչ հարկման, փոխառությունների կամ այլ ծախսերի կրճատման միջոցով։
Մեծ Բրիտանիան առայժմ նախատեսել է պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 2,7%-ը միայն հաջորդ տասնամյակի վերջին։ Կարճաժամկետ ֆինանսական դժվարությունների պատճառով բանակին հանձնարարվել է մինչև տարեվերջ դադարեցնել ոչ էական նշանակության վարժանքները։
Ռյուտտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «բախվում է վերջին սերնդի ընթացքում անվտանգության ամենավտանգավոր և բարդ իրավիճակին»՝ պայմանավորված Եվրոպայում և Մերձավոր Արևելքում պատերազմների վերսկսմամբ և աշխարհաքաղաքական ընդհանուր անորոշությամբ։
Մատնանշելով «Ռուսաստանը և նրա պատերազմն Ուկրաինայի դեմ, ահաբեկչությունը, Իրանը և գլոբալ աշխարհաքաղաքական մրցակցության տեկտոնական տեղաշարժերը»՝ Ռյուտտեն պնդել է, որ Միացյալ Թագավորությունը և Եվրոպան պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն, քանի որ հակառակ դեպքում՝ «մեր հավաքական պաշտպանությունը չի լինի վստահելի»։


