
Իրանի առաջին փոխնախագահը ներողություն է խնդրել ժողովրդից ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի համար
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը Թեհրանի համալսարանում միջոցառմանն անդրադարձել է երկրի տնտեսական իրավիճակին։
«Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ դժվարությունների է բախվում տնտեսությունը: Մեր այսօրվա ամենալուրջ խնդիրը գների արագ աճն է»,-ըստ «Ազատ Իրան» YouTube-յան ալիքի՝ ասել է նա։
Արեֆի ելույթից պարզ է դարձել, որ Իրանի կառավարությունը հստակ պատկերացում չունի, թե ինչպես լուծել ծանր տնտեսական իրավիճակը:
«Այսպիսով, ի՞նչ պետք է անենք: Մենք չենք ուզում պարտք կուտակել ապագայի համար: Մենք չենք ուզում սխալներ թույլ տալ: Մենք չենք ուզում վատնել պետական հարստությունը, որը պատկանում է պետությանը և հասարակությանը: Մենք չենք կարող վաճառել հում նավթ և ծախսել ստացված եկամուտը. այս հարստությունը պատկանում է ապագա սերունդներին», – նշել է պաշտոնյան:
Այս դիտարկումներն անելուց հետո նա կառավարության անունից օգնություն է խնդրել համալսարաններից և գիտնականներից՝ երկիրը տնտեսական ճգնաժամից փրկելու համար: Իրանցի պաշտոնյան նաև խոսել է արագ աճող գների բացասական ազդեցության մասին. «Եթե գնաճը 20% է, աշխատավարձի 5% աճն անընդունելի է: Եթե գնաճը 40% է, և վերջին երկու տարիների ընթացքում աշխատավարձն աճել է ընդամենը 20%-ով, դա անընդունելի է: Եթե գնաճն այս տարի գերազանցի 60-70%-ը, և մենք աշխատավարձը բարձրացնենք միայն 20%-ով, ապա պարզապես անհնար կլինի ապրել նման պայմաններում»:
Ընդունելով այս իրականությունը՝ առաջին փոխնախագահը հավելել է. «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում ժողովրդից և ամաչում ենք, որ այսօր մարդկանց եկամուտները, հատկապես նրանց, ովքեր ապրում են աշխատավարձով, չեն ծածկում նրանց ծախսերը»:


