
ՀՀ-ն շնորհավորանքներ է ստանում․ «Այսօր՝ Խաղաղության միջազգային օրը, Հայաստանը նշում է իր անկախության 35-ամյակը»
Մի շարք երկրների արտաքին գործերի նախարարություններ և միջազգային կառույցներ շնորհավորել են ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ։
«Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները, և ակնկալում ենք հետագայում ևս ամրապնդել Մոլդովա-ՀՀ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Շնորհավո՛ր Անկախության օրը, Հայաստա՛ն»,- ասվում է Մոլդովայի ԱԳՆ ուղերձում։
Լատվիայի ԱԳՆ գրառման մեջ նշվում է․ «Լատվիան իր անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայ ժողովրդին մաղթում ենք տևական խաղաղություն, բարգավաճում և ներդաշնակություն»։
Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստանի ԱԳՆ-ները X-ում գրել են․ «Սրտանց շնորհավորում ենք Հայաստանում գտնվող մեր բոլոր ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ», «Ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ Անկախության օրվա կապակցությամբ»։
ՄԱԿ-ում ՀՀ գրասենյակը գրել է․ «Այսօր՝ Խաղաղության միջազգային օրը, Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 35-ամյակը։ Շնորհավոր Անկախության օրը, Հայաստա՛ն»։
Հայաստանում ԵՄ առաքելությունը ևս շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ․ «Շնորհավո՛ր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստա՛ն»։


