
ԱՄՆ-ն ռազմական ներկայություն կունենա Գրենլանդիայում․ լուրը կտրուկ «բարձրացրել» է կղզու հետ կապ ունեցող ընկերությունների բաժնետոմսերի գները
ԱՄՆ ֆոնդային բորսաներում ցուցակված Գրենլանդիայի հետ կապ ունեցող ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Դանիան համաձայնության են եկել այդ արկտիկական տարածքում անվտանգության ապահովման միջոցառումների շուրջ․ հայտնում է CNBC-ն։
Նախաշուկայական թրեյդինգի ընթացքում Greenland Energy-ի բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 154%-ով, Greenland Mines-ինը՝ ավելի քան 70%-ով, իսկ Critical Metals Corp-ինը՝ գրեթե 27%-ով։
Համաձայնագիրը, որ կարող է ստորագրվել այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, նախատեսում է ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև պայմանագրի կնքում՝ այդ տարածքում զգալի ռազմական ներկայություն ապահովելու նպատակով՝ միաժամանակ թույլ չտալով Վաշինգտոնի հակառակորդներին այնտեղ սեփական ռազմակայաններ հիմնել։
Այս քայլին նախորդել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիայի կազմում ինքնավարություն ունեցող այդ տարածքն անեքսիայի ենթարկելու վերաբերյալ մի քանի ամիս շարունակ հնչեցված սպառնալիքները. նախագահը պնդում էր, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Truth Social հարթակում հայտարարելով գործարքի մասին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «ընդմիշտ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորություն՝ ապահովելու և պաշտպանելու թե՛ Գրենլանդիայի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունը»։
Թրամփը հայտնել է, որ համաձայնագիրն ԱՄՆ-ի համար ծախսեր չի պահանջի՝ հավելելով, որ Վաշինգտոնն «անհապաղ կսկսի Գրենլանդիայի համապատասխան հատվածում (իսկ այդպիսիք շատ կան) խոշոր ռազմական ներկայություն ձևավորելու գործընթացը»։
Համաձայնագրի հիմնական մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Գրենլանդիայի և Դանիայի պաշտոնյաները փորձել են հավաստիացնել քաղաքացիներին, որ գործարքը հարգելու է կղզու ինքնորոշման իրավունքը և Դանիայի թագավորության ինքնիշխանությունը։


