21 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես Թրամփը փախստականների հարցով զբաղվող գերատեսչությունը վերածեց 410 միլիոն դոլար արժողությամբ «արտաքսման գործակալության»․ հետաքննություն

Ինչպես Թրամփը փախստականների հարցով զբաղվող գերատեսչությունը վերածեց 410 միլիոն դոլար արժողությամբ «արտաքսման գործակալության»․ հետաքննություն

Forbidden Stories-ի համակարգմամբ գործող 26 լրատվամիջոցից բաղկացած կոնսորցիումի շրջանակում France 24-ը և RFI-ը 7 ամիս շարունակ հետաքննել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և աֆրիկյան մի շարք երկրների միջև կնքված գաղտնի գործարքները։ Այդ «երրորդ երկրները» համաձայնել են ընդունել ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից ձերբակալված և Միացյալ Նահանգներից արտաքսված միգրանտներին։

Ինչպես նշում է France 24-ն, ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կոշտ մեթոդների հետաքննությունը կարող է լրագրողներին ենթարկել իրավական հետապնդման, ձերբակալման և նույնիսկ արտաքսման վտանգի։

2025 թվականի հունիսի 14-ին սալվադորցի լրագրող Մարիո Գևարան անձամբ է բախվել այդ ռիսկերին։ Գևարան ձերբակալվել է Ատլանտայում (Ջորջիա նահանգ) ICE-ի դեմ բողոքի ակցիան լուսաբանելիս, որն ընթանում էր Թրամփի դեմ ուղղված ավելի լայնածավալ ցույցերի շրջանակում։ Չորս ամիս անց նա արտաքսվել է Սալվադոր։

Այս կարևոր աշխատանքը շարունակելու և պաշտպանելու նպատակով Forbidden Stories լրագրողական ցանցը նախաձեռնել է լայնածավալ հետաքննություն՝ «Արտաքսման նախագիծ. բացահայտումներ Թրամփի վարչակազմի իրականացրած զանգվածային արտաքսումների մասին» խորագրով․ ավելի քան 100 հարցազրույց, 72 լրագրող, 15 երկիր։

2025 թվականի հունվարից ի վեր ավելի քան 25․400 օտարերկրացի է արտաքսվել ԱՄՆ-ից այնպիսի երկրներ, որտեղ նրանցից շատերը նախկինում երբեք ոտք չէին դրել։ Նրանց մեծ մասն ունեցել է իրավական պաշտպանության կարգավիճակ, որը թույլ չէր տալիս նրանց վերադարձնել հայրենի երկրներ, քանի որ այնտեղ նրանց սպառնում է հալածանքի վտանգը։ Այս սահմանափակումը շրջանցելու համար Թրամփի վարչակազմը գործարքներ է կնքել 35 «երրորդ երկրների» հետ, որոնք համաձայնել են ընդունել արտաքսվողներին։

Արտաքսվածներից ոմանք տասնամյակներ շարունակ ապրել են ԱՄՆ-ում՝ աշխատել, հարկեր վճարել, ընտանիք կազմել և կառուցել իրենց կյանքը։ Այժմ քաղաքացիությունից զրկված այդ մարդկանց սպառնում է կալանավորումը, վատ վերաբերմունքը կամ հայրենիք արտաքսումը, որտեղ նրանց կյանքը կրկին վտանգի տակ կհայտնվի։ Թե ինչ են ստացել այդ երկրները դրա դիմաց՝ մեծ մասամբ անհայտ է, քանի որ համապատասխան բանակցություններն ընթացել են գաղտնիության պայմաններում։

The Washington Post-ի ուսումնասիրած կառավարական ներքին փաստաթղթերի համաձայն՝ մինչև հունիսի վերջ Թրամփի վարչակազմը հաստատել կամ խոստացել է առնվազն 410 միլիոն դոլար՝ 31 երկրի (հիմնականում Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում) հետ համաձայնագրեր կնքելու նպատակով։

Այս փաստաթղթերը, որոնց մասին նախկինում չի հաղորդվել, մինչ օրս ամենաամբողջական պատկերն են տալիս Թրամփի վարչակազմի՝ երրորդ երկրների հետ ձևավորվող և արագ ընդլայնվող ցանցի վերաբերյալ։ Վաղ շրջանի գործարքները ներառում են Կոստա Ռիկա իրականացվող չվերթները՝ Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից և Աֆղանստանից ժամանած միգրանտներով, ինչպես նաև չվերթ դեպի աֆրիկյան փոքրիկ թագավորություն՝ Էսվատինի՝ Վիետնամից, Լաոսից, Կուբայից և Ջամայկայից ժամանած միգրանտներով։

Համաձայնագրերը կնքվել են Սթիվեն Միլլերի հրահանգով. նա նախագահի երկարամյա օգնականն է և ներկայում զբաղեցնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Գործող և նախկին պաշտոնյաները նշում են, որ Միլլերը, որ հայտնի է ներգաղթի դեմ իր անզիջում դիրքորոշմամբ, կարողացել է Պետդեպարտամենտում հասնել առանցքային նշանակումների. դա նրան թույլ է տվել արտաքին քաղաքականության այլ նպատակներից վեր դասել արտաքսումների ծավալն ավելացնելու նպատակը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ