
Թրամփը պատրաստվում է ՄԱԿ-ում ճնշում գործադրել Զելենսկիի վրա՝ ՌԴ-ի հետ էներգետիկ ոլորտում հրադադարի շուրջ համաձայնության գալու համար․ The Guardian
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում կայանալիք առանձնազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կոչ կանի էներգետիկ ոլորտում հրադադար հաստատելու, քանի որ դիզելային վառելիքի համաշխարհային գները կտրուկ աճել են՝ պայմանավորված Իրանում ընթացող պատերազմով և Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմով․ հայտնում է The Guardian-ը։
Հանգստյան օրերին Ուկրաինան ուժեղացրել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա հարձակումներն՝ իրականացնելով Մոսկվայի մարզի ուղղությամբ մինչ օրս գրանցված ամենախոշոր հարվածը։ Հրթիռային և անօդաչու սարքերի տարափի հետևանքով՝ վնասվել է Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը, զոհվել է երեք մարդ։
Երկուշաբթի Թրամփը հայտարարել է, որ ամբողջ աշխարհը տուժում է էներգակիրների պակասից, որը, ըստ նրա, սրվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով։
«Ցավոք, Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր դիզելային վառելիքի արդյունաբերության նկատմամբ։ Նրանց դիզելային վառելիքի բազմաթիվ գործարաններ պայթեցվել են և, գոնե ժամանակավորապես, շարքից դուրս եկել։ Ուկրաինայի հետ այս անհեթեթ և անվերջանալի պատերազմը պետք է ավարտվի», – Truth Social-ում գրել է Թրամփը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիկր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ ոլորտը, կենսական նշանակության ենթակառուցվածքները և պարենի արտահանումը չպետք է թիրախ դառնան Ռուսաստանի համար, և սա կհանգեցնի Կիևի կողմից լարվածության թուլացմանը միտված համարժեք քայլերի։
Միացյալ Նահանգներում դիզելային վառելիքի միջին գները երկուշաբթի հասել են ռեկորդային 6.50 դոլարի մեկ գալոնի համար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գինը 3.19 դոլար էր։
Ակնկալվում է, որ Թրամփը երեքշաբթի առավոտյան ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և կհանդիպի խոշոր էներգետիկ արտադրողների, այդ թվում՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Վենեսուելայի վերջերս ընտրված առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հետ։


