23 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

2006-ին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը․ գրում է «Հետք»-ը։

«Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը  ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը։ Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մասնավորեցման 1-ին փուլը

Ծաղկաձոր համայնքում՝ Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին գտնվող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967 թվականին։ Այս համալիրը նախատեսված էր ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների մարզման համար։

1996 թվականին ստեղծվեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 100 % պետական մասնակցությամբ էր։ Ընկերության հաշվեկշռում էր մարզահամալիրի ամբողջ գույքը։

Համալիրը 2006 թվականին 50 տարով վարձակալության  տրվեց ԱՄՆ-ում գրանցված «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ Ալբերտ Բոյաջյանն է։ Նա այդ ժամանակ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ընկերն էր։

«Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերության վարձակալած անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ ուղղակի վաճառքով օտարվել է «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։

Օտարված գույքի թվում են՝ երկու հյուրանոցային մասնաշենք, հասարակական կենտրոն, ջրային բուժական կենտրոն, ճաշարան, 4 սպորտդահլիճ, թեթև ատլետիկայի մանեժ, տնտեսական մասնաշենք, տաղավար, բենզինի լիցքավորման կետ, 4 ենթակայան, պահեստ, ավտոտնակներ և շենք-շինություններով չծանրաբեռնված 5.6 հա մակերեսով հողամաս։ Հողամասերի ընդհանուր մակերեսը 7.6 հա է, շենքերինը՝ 3.2 հա։

Այս անշարժ գույքի շուկայական արժեքը, առանց հողի, գնահատվել է 197.3 մլն դրամ, հողերի ընդհանուր կադաստրային արժեքը՝ 344 մլն դրամ։ Այսինքն՝ 32,237 քմ մակերեսով շենք-շինությունների և դրանց զբաղեցրած, ինչպես նաև դրանցով չծանրաբեռնված 76,121 քմ մակերեսով հողի համար «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությունը վճարել է 541.6 մլն դրամ։

Դատախազության բացահայտումը

2019 թվականին Գլխավոր դատախազությունը կասկածի տակ էր դրել այս գործարքի օրինականությունը։ Ըստ դատախազության՝ օտարված գույքերի շուկայական արժեքն այդ պահին կազմել է 1.8 մլրդ դրամ: Այս գինը1.3 մլրդ դրամով ավելի է 2010 թ․-ին վաճառքի գնից։

Դատախազությունը նաև պարզել էր, որ «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերության վարձակալած գույքի շուկայական արժեքը 2019թ. դրությամբ կազմել է 6.1 մլրդ դրամ, և շուկայական արժեքով վարձակալության հանձնելու դեպքում՝ 2010-2018թթ. դրա ընդհանուր վարձավճարը կկազմեր 704 մլն դրամ: Մինչդեռ ընկերությունը երբևէ որևէ վարձավճար չի վճարել։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված պայմանագրում վարձավճարի չափի հաշվարկի, վարձատուի կողմից պայմանագրի խզման դեպքում հավելյալ վճարումներ կատարելու, գույքի առուվաճառքի դեպքում դրա գնի վերաբերյալ, առանց որևէ հիմնավորման, առկա են պետական ՓԲԸ շահերին հակասող, միակողմանի ոչ շահավետ դրույթներ»,- նշված էր դատախազության հաղորդագրությունում»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ