
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 60․000 տոննա բեռ և 20․000 տոննա նավթամթերք․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը վերացրել է Հայաստանի նկատմամբ տարանցման բոլոր սահմանափակումները․ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ և ներկայությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր, իսկ երկու երկրների արտաքին գործերի նախարարները՝ խաղաղության համաձայնագրի նախնական տեքստը։ Դա Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճ ապագայի հիմքն է դրել։ Դրանից հետո Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ տարանցման բոլոր սահմանափակումները։ Տարվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 60․000 տոննա բեռ։ Ադրբեջանը նաև Հայաստանին մատակարարել է ավելի քան 20․000 տոննա նավթամթերք», – նշել է ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով, որ ներկայում երկու երկրները շարունակում են խաղաղության հասնելու երկկողմ ջանքերը։
Ավելին, ըստ նրա, երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները վերջերս ստորագրել են ինտերնետի վերաբերյալ համաձայնագիր, որը «կնպաստի հուսալիության բարելավմանը և ենթակառուցվածքների զարգացմանը»։
Նա TRIPP-ը կրկին անվանել է «Զանգեզուրի միջանցք»՝ ընդգծելով, որ դրա զարգացման գործում զգալի առաջընթաց է գրանցվել։ Էլնուր Մամեդովը նշել է, որ ճանապարհի 95%-ը և երկաթուղու 75%-ն արդեն կառուցված է. «Մնացած աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա երրորդ եռամսյակում: Այժմ ստեղծվում է TRIPP Development Company-ն: Ինժեներական աշխատանքներն արդեն սկսվել են Հայաստանում: Հայաստանով անցնող մոտ 42 կիլոմետրանոց երթուղու շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա սկզբին: Այս նախագիծն ունի ռազմավարական կապող օղակ և տարածաշրջանային տնտեսական հարթակ դառնալու ներուժ: Այն Հայաստանի միջոցով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, ինչպես նաև ավելի սերտ կապ կապահովի ավելի լայն Տրանսկասպյան ցանցի հետ»:
Այս երթուղին, ըստ Մամեդովի, կարող է զգալի դեր խաղալ բեռնափոխադրման ժամանակը ներկայիս 3 շաբաթից մինչև 12-15 օր կրճատելու գործում:
«Այն կդառնա ավելի լայն էներգետիկ համակարգի լրացուցիչ բաղադրիչ, կմեծացնի էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան, կամրապնդի դիմադրողականությունը և կստեղծի նոր հնարավորություններ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության համար»,- ասել է նա։


