
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այժմ առաջնահերթություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանին․ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
Միացյալ Նահանգները մեծացնում է Հարավային Կովկասի նկատմամբ իր ուշադրությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի ներուժը Տրանսկասպյան առևտրային միջանցքի զարգացման և ամերիկյան բիզնես հնարավորությունների ընդլայնման համար․ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն այժմ առաջնահերթություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանին», – ասել է Քարլոնը։
Նա նաև նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում TRIPP նախագծին նվիրված միջոցառումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որում նա բարձր է գնահատել նախորդ տարի օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը։
«Դա այն չէ, ինչը կանհետանա: Դա ԱՄՆ կառավարության նոր կենտրոնացումն է, քանի որ մենք իսկապես տեսնում ենք Հարավային Կովկասի պոտենցիալն այս Տրանսկասպյան առևտրային միջանցքում, ինչպես նաև ամերիկյան բիզնեսի, համատեղ բարգավաճման ներուժը և այն, թե ինչպես մենք իսկապես կարող ենք խաղաղություն ու նոր հնարավորություններ բերել այս տարածաշրջան», – ընդգծել է Քարլոնը:


