
Բաքուն ուզում է ներկայացնել, որ Արցախն իբր ահաբեկչական կազմակերպություն էր, որին ֆինանսավորում էր ՀՀ-ն․ միջազգային իրավունքի մասնագետ
Ուսումնասիրելով Բաքվի դատարանի կողմից մեր գերիների նկատմամբ մեղադրական եզրակացություններն ու դատավճիռները՝ կարելի է հստակ արձանագրել, որ դրանում կան նաև ականներ հենց բուն Հայաստանի Հանրապետության դեմ․ այսօր «Արցախը 3 տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» քննարկմանն ասաց միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։
«Ի սկզբանե էլ այս բոլոր դատավարությունները, իհարկե, անձերի դեմ էլ էին, բայց առավել մեծ նպատակ էին հետապնդում՝ բազիս նախապատրաստելը՝ հետագայում Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործընթացներ սկսելու համար։ Եվ պատահական չէ, որ ամբողջ մեղադրանքը կառուցված է այն հիմնական գաղափարի վրա, որ Արցախի Հանրապետությունն ահաբեկչական կազմակերպություն է եղել, որը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության կողմից, և այս տրամաբանության շրջանակում են անձանց ներկայացվել մեղադրանքներ»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Նրա խոսքով՝ եթե ուսումնասիրենք նույն Ռուբեն Վարդանյանի գործով այդքան հսկայածավալ դատավճռի սկզբնական հատվածը, մի քանի հարյուր էջ նվիրված է 1988 թվականից մինչև 90-ականների վերջ տեղի ունեցած գործողություններին․ «Եվ դա ներկայացվում է որպես մեկ կազմակերպության կողմից արված գործողություններ, որը վերագրելի է Արցախի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր անդամին, անգամ՝ քաղաքացիներին՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Այսինքն՝ ովքեր որ մասնակից են եղել Արցախի Հանրապետության կառավարմանն այս կամ այն չափով, անգամ՝ ընտրություններին մասնակցելը, նրանք փաստորեն դառնում են, ըստ ադրբեջանական պրոպագանդայի և դատարանի որոշման, ահաբեկչական կազմակերպության մասնակիցներ, և հետևաբար՝ ենթակա են քրեական հետապնդման»։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ թիրախն ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությունն է, որ հետագայում ՀՀ-ին ասեն՝ «Դուք փաստորեն հանցագործության խթան եք եղել և կազմակերպիչ, իսկ Արցախի Հանրապետությունը որպես գործիք եք օգտագործել Ադրբեջանի դեմ»։


