
Ալիևի օգնականը մտահոգված է «հայ ռևանշիստ երիտասարդներով» և կառավարությանը կոչ է անում «խաղաղության պատրաստել նրանց»
Ադրբեջանը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ․ այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն «մտահոգված է հայ հասարակության շրջանում որոշակի միտումներով, մասնավորապես՝ զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությամբ»։
«Մեկ այլ մտահոգիչ գործոն է հայ երիտասարդության շրջանում ռևանշիստական տրամադրությունների պահպանումը։ Սա կարևոր պահ է։ Հետևաբար, մենք նաև կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ», – ասել է նա։
Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանն ունի ռազմավարական հանձնառություն՝ շարունակել խաղաղության օրակարգը, ամրապնդել այն գործնականում և «կառուցել խաղաղության այնպիսի ճարտարապետություն, որը կարող է ապահովել հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար երկարաժամկետ խաղաղություն և կայունություն»։
«Ահա թե ինչու մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք խաղաղություն կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել փոփոխություններ Հայաստանի սահմանադրությունում։ Սա, իհարկե, ներքին հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այս գործընթացին միջամտելուց», – հավելել է նա։


