
Երևանում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերաինտեգրման խնդիրներին
Հոկտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի Libertas միջազգային համաժողովը, որը նվիրված է Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակին, նրանց ազատ արձակման հնարավոր ուղիներին, ազատ արձակված գերիների սոցիալական խնդիրներին, հասարակության վրա գերության հոգեբանական ու սոցիալական երկարաժամկետ հետևանքներին։
Համաժողովը կազմակերպում է «Կովկաս» իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնը (Covcas Center for Law and Conflict Resolution)՝ LIBERTAS նախաձեռնության շրջանակում, համագործակցությամբ՝ INTRA, «Միջազգային Բաղդատական Իրավունքի Կենտրոնի» և «Արփի» ՀԿ-ի, հովանավորությամբ՝ Ֆրանսիական կազմակերպությունների՝ Լիոնի քաղաքապետարանի և «Լէա և Նափոլեոն Պուլուքեան» հիմնադրամի։
Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական փորձագետներ, իրավաբաններ, հոգեբաններ, մարդասիրական և մարդու իրավունքների կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կքննարկեն գերիների երկարատև կալանավորման իրավական, հոգեբանական և սոցիալական հետևանքները։
Առանձին ուշադրություն կդարձվի միջազգային փորձին և այն հնարավոր մեխանիզմներին, որոնք կարող են կիրառելի լինել հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։


